Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհի ոչ մի պետություն չպետք է միջուկային զենք ունենա։

Ինչպես տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը, Ռոհանին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ընթացող քննարկումների ընթացքում։ Նա նաև նշել է, Իսրայելը պետք է դառնա Միջուկային զենքի տարածումն արգելող պայմանագրի մասնակից՝ Մերձավոր Արևելքը առանց միջուկային զենքի գոտու վերածելու միջոցառումների շրջանակներում։

Այսօր կայանալու է Իրանի արտգործնախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկվելու են Իրանի միջուկային ծրագրերը։

Միաժամանակ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը պետքարտուղար Ջոն Քերիի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի հանդիպումից հետո տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կարծում են, թե Իրանը պետք է դրական պատասխանի ավելի վաղ միջնորդ «վեցյակի» արած առաջարկությանը՝ երկրի միջուկային ծրագրերի վերաբերյալ։

«Ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Չինաստանը կարծում են, որ Իրանը պետք է համագործակցի «վեցյակի» հետ և դրական պատասխանի առաջարկությանը»,-ասել է նա։

Ավելի վաղ միջնորդ պետությունները Իրանին առաջարկել էին դադարեցնել ուրանի 20% հարստացումը, ինչին ի պատասխան նախատեսվում էր նվազեցնել պատժամիջոցները՝ Իրանից նավթամթերքի և այլ թանկարժեք մետաղների արտահանման համար։