Կարևորելով «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովի դերը Հայաստանի մշակութային կյանքում՝ ձեր ուշադրությունն ենք հրավիրում մի խնդրի, որն ուղղակիորեն կապված է գիտաժողովի ընթացքում ձեր կողմից քննարկվող թեմաներին:

 

Հայ ազգն իր պատմության ընթացքում ինչպես իր բնօրրան Հայկական լեռնաշխարհի տարածքում, այնպես էլ իր բնօրրանից դուրս ստեղծել և մարդկությանն է ժառանգել բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Ցավով պետք է նշենք, որ մեր հարևան Ադրբեջանում և Թուրքիայում տարիներ շարունակ ոչնչացվում են հայկական հուշարձանները, ինչը պետք է հարուցի միջազգային հանրության զայրույթն ու ցասումը: Նմանօրինակ վանդալիզմի դեպքի մենք ականատես եղանք, երբ տարիներ առաջ ադրբեջանցիները ոչնչացրին Ջուղայի խաչքարերը:

 

Վերջին տարիներին ականատես ենք լինում նմանօրինակ վանդալիզմի դեպքերի մեր իսկ երկրում: Այդ օրինակներից մեկն է հանդիսանում Մաշտոցի պողոտայում գտնվող «Ծածկած շուկա»› պատմամշակութային հուշարձանի հետ կապված դեպքը: Պետական պատկան կառույցների հանցավոր անգործության պայմաններում հուշարձանի սեփականատերը, չունենալով որևէ օրինական թույլտվություն, քանդել է հուշարձանի կեսը և կառուցել մի նոր ապօրինի կառույց: Պետական պատկան մարմինները, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանը և ՀՀ մշակույթի նախարարությունը, սահմանափակվելով միայն հայտարարություններով, որ այդ շինարարությունը ապօրինի է, մատնված են անգործության: Միաժամանակ իրավապահ մարմինները՝ ի դեմս ոստիկանության և դատախազության, չեն կարողանում կատարել օրենքով սահմանված իրենց լիազորությունները և ընտրել են հուշարձանի սեփականատիրոջը պաշտպանելու քաղաքականություն:

 

Նման բարձրակարգ գիտաժողովների կողմից վեր հանվող հիմնախնդիրները շատ կարևոր են պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում: Սակայն այդ գիտաժողովները դառնում են անիմաստ և անարդյունավետ, երբ քննարկումներից հետո ոչինչ չի արվում եղած խնդիրները լուծելու ուղղությամբ:

 

Կոչ ենք անում գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին Ծածկած շուկայի հարցը դնել քննարկման և հանդես գալ հայտարարությամբ, որտեղ նշված կլինի գիտաժողովի եզրակացությունը տվյալ խնդրի վերաբերյալ, ինչպես նաև գործադրել հնարավոր ճնշումներ պետական պատկան կառույցների նկատմամբ, որպեսզի նրանք կատարեն օրենքով սահմանված իրենց գործառույթները և վերադարձնեն հուշարձանը հանրությանը՝ իր նախկին տեսքով:

 

 

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական շարժում