aravot.am «Հայկական ժամանակը» գրում է. «Այսպիսով իրականացավ հայ եւ վանուատաական ժողովուրդների դարավոր իղձը՝ այսուհետ այս երկու երկրների միջեւ դարավոր բարեկամությունը ստացավ պաշտոնական տեսք։ ՀՀ-ն ու Վանուատուն շատ նման են։ Նախ երկու երկրների արտգործնախարարների անունն էլ Էդվարդ է։ Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի ցուցանիշներով այդ երկու երկրներն էլ գրեթե հավասար են, չնայած Վանուատուն համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Բայց կա մի հանգամանք, որը առանձնահատուկ հմայք է հաղորդում այս իրադարձությանը՝ Վանուատուն օֆշորային երկիր է։ Սա գործունեության լայն հեռանկարներ է բացում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի եւ այլոց համար, ՀՀ տնտեսությունը անձնական միջոցներով զարգացնելու տեսանկյունից։ Նկատենք, որ Վանուատուն թվով 36-րդ օֆշորն է, որի հետ ՀՀ-ն այլեւս ունի դիվանագիտական հարաբերություններ։ Իսկ օֆշորների թիվը աշխարհում ուղիղ 70 է։ Վանուատուի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ստացվում է, որ պաշտոնական հարաբերություններ ունենք օֆշորային երկրների կեսից ավելիի հետ։ Սա մեր արտաքին քաղաքականության լրջագույն ձեռքբերումն է»: