Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն այսօր հրապարակելու է Սախարովի անվան «Ազատ մտածելու համար – 2013» մրցանակի երեք հավակնորդների անունները (կրճատ ցուցակը):
Այդ մրցանակի համար առաջադրվել են ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ապաստան է գտել Ռուսաստանում, ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ազատազրկման մեջ գտնվող բելառուս ընդդիմադիրներ Ալես Բելյացկին, Նիկոլայ Ստատկևիչը և Էդուարդ Լոբովը, 15-ամյա պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայը, ով 2012 թվականին հոկտեմբերին թալիբների կողմից հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում:
Բացի այդ, թեկնածուների ցուցակում են գտնվում եթովպացի լրագրողներ-ընդդիմադիրներ Ռեյոտա Ալեման ու Էքսինդեր Նեգաժը, թուրք իրավապաշտպան Էրդեմ Գյունդուզը և CNN Ending Modern-Day Slavery հեռուստանախագիծը, որը պատմում է աշխարհի տարբեր երկրներում մարդավաճառության ու ստրկության ժամանակակից ձևերի մասին:
Հաղթողի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին, իսկ պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերին Ստրասբուրգում կայանալիք ասամբլեայի լիագումար նստաշրջանում: Սախարովի մրցանակը շնորհվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք հատուկ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Եվրախորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան մրցանակի առաջին (1988) հաղթողներ են դարձել Նելսոն Մանդելան ու ԽՍՀՄ ժամանակվա այլակարծ Անատոլի Մարչենկոն, ով խորհրդային բանտում մահացել է 1986 թվականի դեկտեմբերին: Մրցանակի դրամական մասը կազմում է 50.000 եվրո:
Աղբյուրը` 168.am