Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Հայաստանում գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին, օրենսդրությանը: Տիկին Զեյթլինը նշեց, որ այս այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել պետական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀՀ-ում գենդերային հավասարության ուղղությամբ կատարվել են դրական փոփոխություններ: Նրա խոսքով' այժմ աճում է կանանց թիվը պետական կառույցներում, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսօր ԱԺ-ում կին պատգամավորները 14-ն են՝ պատգամավորների 10 տոկոսից ավելին: Նրանցից 9-ը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներ են, որոնցից 2-ը ընտրվել է մեծամասնական ընտրակարգով:

Կառավարության կազմում 2 կին նախարար կա: Նաեւ մոտ 24-25 գյուղական համայնքներ ղեկավարում են կանայք: Ընդ որում, դրանք հիմնականում սահմանամերձ եւ փախստականներով բնակեցված համայնքներ են՝ սոցիալական եւ կենցաղային խնդիրներ ունեցող: Տիկին Նաղդալյանը նշեց, որ պետությունը ստանձնել է պարտավորություն՝ մինչեւ 2020 թվականը ավելացնել կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում,հատկապես ավագանիում: Այս գործընթացը շարունակվելու է նաեւ օրնեսդիր եւ գործադիր մարմինններում:

Տիկին Նաղդալյանն ավելացրեց, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ կազմակերպվել են բազմակողմանի քննարկումներ մարզերում եւ լսումներ խորհրդարանում: Փոխնախագահի կարծիքով՝ պիտի ստեղծել ազգային մեխանիզմ, բարձրացնել կրթական մակարդակը, եւ այդ դեպքում օրենքը կդառնա լիարժեք գործող: Կողմերը քննարկեցին նաեւ գենդերային հավասարության ռազմավարական փաստաթղթերը: Տիկին Նաղդալյանը նշեց, որ ՀՀ ընդունել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, կանանց դիրքերի բարելավման ազգային ծրագիր եւ հայեցակարգ:

ՀՀ ԱԺ