ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 21-ին հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակ Քոյի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստը տիկին Նաղդալյանին ծանոթացրել է գրասենյակի առաջիկա ծրագրերին: Նա նշել է, որ նախատեսվում են հանդիպումներ ՀՀ քաղաքական կուսակցությունների անդամների հետ, խորհրդակցություններ կին քաղաքական գործիչների հետ. նպատակն է ուսումնասիրել կանանց ներգրավվածությունը քաղաքական կուսակցություններում, խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում:

 

ԱԺ փոխնախագահը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվող մարտի վերջում կայանալիք հայ և վրացի կին խորհրդարանականների հանդիպումը:

 

Նաղդալյանը ներկայացրել է հայ կանանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքին: ԱԺ փոխնախագահը նշել է, որ այսօր Ազգային ժողովում 14 կին պատգամավոր կա, որոնք կազմում են ընդհանուր թվի 10 տոկոսը: Նաղդալյանը խոսքով' ՀՀԿ-ն ունի կանանց խորհուրդ՝ կենտրոնական, մարզային, տարածքային մակարդակներով, և այսօր կանանց թիվը կուսակցությունում մոտ 80 հազարի է հասել: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ կանայք պիտի իրենց ներդրումն ունենան պետության քաղաքական կյանքում: