ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անգելո Գնեյդինգերին:
Նախարար Նալբանդյանը և հատուկ ներկայացուցիչ Գնեյդինգերն անդրադարձել են Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի՝ Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության շրջանակներում հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Անգելո Գնեյդինգերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Անգելո Գնեյդինգերը վերահաստատել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հատկապես ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ։