Երկու կին եւ նրանցից մեկի երկու երեխաներն փորձել են ցած նետվել Բաքվի Բինագդինի թաղամասում կառուցվող տան վեցերորդ հարկից: Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փրկարարներին հաջողվել է համոզել 35-ամյա եւ 33-ամյա երկու քույրերին, ու նրանցից մեկի 15-ամյա ու 11-ամյա երեխաներին ինքնասպանություն չգործել:
Հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 30-ին Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծին ահազանգ է ստացվել ինքնասպանության փորձի մասին, որից հետո դեպքի վայր են մեկնել փրկարարներ, այդ թվում ինքնասպանությունների կանխման խմբի կին աշխատակիցներ, հաղորդում է APA-ն:
Գործակալության տվյալներով, պատճառը, որը ստիպել է քույրերին նման քայլի գնալ, սոցիալական բնույթ ունի, իսկ նրանց մտադրության մասին հայտնել էր երրորդ քույրը:
Մինչ փրկարարները զրուցում էին կանանց հետ, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել՝ բացել էին բրեզենտե ներքնակը, նախապատրաստել լեռնագնացների սարքավորումներ: Փրկարարներին հաջողվել էր ինքնասպանության փորձ կատարողների հետ հոգեբանական կապ հաստատել եւ հետ համոզել այդ քայլից: