Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 26-ամյա Գոռ Մկրտչյանը իր կողմից վարած BMW մակնիշի 33 TՕ 305 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայում գործող «Պիկավա Դամա» գիշերային ակումբի դիմաց տեղադրված գովազդային վահանակի հենասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և Երևանի ճանապարհային ոստիկանները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օրեր առաջ Կենտրոնական բանկի երիտասարդ աշխատակիցը Honda մակնիշի ավտոմեքենայով ոչ սթափ վիճակում բախվել էր նույն գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով նրա ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Աղբյուրը` shamshyan.com