Այս պահին մինչ Ստրասբուրգում ԵԽ շենքի դիմաց հայ ցուցարարները «Սերժիկ հեռացիր են» գոռում, մոտ 50 ոստիկանական միկրոավտոբուսներ շրջափակել են ԵԽ շենքը, 500-ի հասնող ոստիկաններ վերահսկում են տարածքն ու ցուցարարներին:
Այս մասին Aravot.am-ին պատմեց ցուցարարների կողքին գտնվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա չի կարծում, որ հայ ցուցարարներն իրենց բողոքի ակցիայով վարկաբեկում են Հայաստանը: «Սերժ Սարգսյանն այսօր չի ներկայացնում հայ ժողովրդին եւ հենց նա առաջին վարկաբեկողներից մեկն է, որ հազարավոր հայեր այստեղի կառավարությունից են հայցում իրենց իրավունքների պաշտպանությունը:
Սերժ Սարգսյանն է խայտառակում հայ ժողովրդին: Նրա' այստեղ այցելությունը ոչ թե հայ ժողովրդի ներկայությունն է ապահովում, այլ ինքը՝ որպես Ռուսաստանի գուբեռնատոր, իր անձն է այստեղ ներկայացնում: Նա հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը նաեւ ասաց, որ այս ընթացքում ԵԽԽՎ պատվիրակները մոտենում ու հետաքրքրվում են իրենց ակցիայի պահանջներով, լսում ցուցարարների դժգոհությունները:
Զարուհի Փոստանջյանը հերքեց «ՉԻ»-ի հրապարակումը, թե Ստրասբուրգ մեկնած հայկական պատվիրակության անդամներից Դավիթ Հարությունյանը, տեսնելով ԵԽ շենքի դիմաց հավաքված 3-4 ցուցարարին, Զարուհի Փոստանջյանին հորդորել է մի ցուցապաստառ էլ ինքը վերցնի, կանգնի ցուցարարների կողքին, որ շատ երեւան. «Չգիտեմ՝ Դավիթ Հարությունյանը որտե՞ղ է տեսել քիչ ցուցարար, ինձ նման բան չի ասել եւ չէր էլ համարձակվի ասել»: