«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը.

 

Դատապարտում ենք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները

 

Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը եւ քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են:

 

Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերեւս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջեւ հաշվետու լինելու կարեւորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: Զարուհու նկատմամբ ձեռնարկված քայլերն ու նրան ուղղված վիրավորանքները փաստորեն շատ ավելի խնդրահարույց են, քան իր հնչեցրած պարզ հարցը:

 

Բանն այն է, որ ՀՀ հազարավոր քաղաքացիների հուսալքության եւ արտագաղթի մղող գործողությունները, մասնավորապես գողացված ընտրությունները, մարդկանց բազմաթիվ այլ իրավունքների խախտումը, մեր ազգային-պետական շահերին հարվածող հայ-թուրքական արձանագրությունները, հիմա էլ՝ Մաքսային միությանը միանալու համաձայնությունը, ըստ էության, հետեւանք են ազարտային խաղերի հանդեպ հատուկ մոտեցումների, ընդ որում՝ պետության, նրա ինքնիշխանության, Սահմանադրության եւ երկրի քաղաքացիների շահերի հաշվին:

 

Հատկանշական է, որ ԶԼՄ-ների՝ մոլեխաղերին վերաբերող որոշ հաղորդումների բարձրաձայնումը իշխանություններն ավելի ցավագին ընդունեցին, քան կազմակերպված պետական հանցագործության՝ ընտրական կողոպուտի ակնառու փաստի արծարծումը:

 

«Ժառանգություն» կուսակցությունը հետեւողականորեն պայքարելու է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության, օրինական ընտրությունների անցկացման, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների՝ հասարակությանը հաշվետու լինելու հանրակարգի կայացման համար:

 

Հովսեփ Խուրշուդյան

 

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ

 

4 հոկտեմբերի 2013թ.