Անցյալ տարվա նոյեմբերին Սյունիքի մարզի մարտական հենակետերից մեկում բերանի հատվածում ստացած հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա շարքային զինծառայող Սարգիս Սահակյանի ընտանիքը տարակուսած է՝ մի՞թե համաներման արդյունքում հանցագործներն այդպես էլ արժանի պատիժ չեն կրելու։

Զինվորի հայրը՝ Սեյրան Սահակյանը, հուզմունքից չկարողացավ խոսել, մայրն էլ Մարգարիտա Սահակյանը մեզ հետ զրույցում մերթ ընդ մերթ լալիս էր: Բանն այն է, որ Սարգիսին «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով քրեական գործով երեքը մեղադրյալներից երեքը համաներմամբ վերջնականապես ազատվում են պատժի կրումից ու քրեական հետապնդումից, իսկ մյուս երկուսի պատժաչափն է կրճատվում։

«Ես սա ո՞նց հասկանամ, մի գժված ծնող եմ, իմ երեխեն ասում էր՝ «մամա ջան, հանգիստ քնի, երկու տարի սահման եմ պահելու, մամա ջան, հիմի հավերժ է սահման պահելու»,- լալիս էր մայրը։

Սարգիս Սահակյանի ծառայակիցներ Գոռ Մարգարյանը, Գառնիկ Գրիգորյանը և Սամվել Մովսիսյանը մեղադրվում են իշխանազանցության և մարտական հերթապահության կանոնները խախտելու հոդվածների առաջին մասերի հատկանիշներով, և այս դեպքում համաներումը որևէ սահմանափակում չի նախատեսում։ Իսկ մյուս երկու զինվորները՝ 1 տարի առաջ ազատազրկված Արթուր Միսակյանն ու Արտաշես Խաչատրյանը մեղադրվում են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային հարաբերությունները խախտելու մեջ, նրանց վրա էլ համաներումը մասնակի է կիրառվում։

Զոհվածի հարազատները այս իրավիճակի պատճառը համարում են այն, որ հակառակ իրենց պնդումներին, որ Սարգիսը ինքնասպան չի եղել, նրան դաժանորեն սպանել են, քննչական մարմինը համառորեն պնդեց ինքնասպանության վարկածն ու գործով թեթև մեղադրանքներ առաջադրեց ծառայակիցներին։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, մեկ տարվա զինծառայող Սարգիսի մահվան պատճառ են դարձել արևածաղիկն ու «Սնիկերս» շոկոլադը։ Շարքային Սարգիս Սահակյանին ուտելիք է ուղարկված եղել, նա հրաժարվել է ծառայակից Արթուրին արևածաղիկ տալ, ասելով, որ չունի, «Սնիկերսն» էլ միայնակ է կերել, հետո էլ հեռախոսի մարտկոցը չի տվել ծառայակցին, ինչին հաջորդել են հայհոյանքները, և նոյեմբերի 5-ի կեսգիշերին հենակետից գետնատնակի մոտ հայտնաբերվել է նրա դիակը։ Հարազատները համոզված են, որ սա սպանություն է, քանի որ նախ՝ ըստ դատաբժշկի եզրակացության, զոհվածի եղունգների վրա կրակոցի արգասիք հանդիսացող նյութերի հետքեր չեն հայտնաբերվել, բացի այդ, ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել։

«Զենքի վրա մատնահետքերը պարզ չի, երևի սրբած է, էլ ի՞նչ կնշանակի։ Անմիջապես դեպքից երկու ժամ հետո մատնահետքերը ո՞նց կջնջվեր։ Գնդակն էլ չեն գտել, քննիչն ասում էր՝ ինքը մեջքով ձորի կողմ է կանգնած եղել, կարող ա գնդակը գնացել է ձորը, բա պարկո՞ւճը, թող երկու մետր իրենից հեռու ընկներ... չեն գտել ոչ գնդակը, ոչ պարկուճը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց զոհվածի հորեղբայրը՝ Նորիկ Սահակյանը.- «Համաներումն էլ չլիներ, կարող է իրենք դուրս գային, որովհետև ամբաստանյալներից մեկն այնպես էր դատավորի հետ խոսում որ... մուննաթով... Վզին հաստ ցեպը գցած, գրպանում էլ բջջային հեռախոսը»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս գործին անդրադառնալով, համոզմունք հայտնեց, որ առկա է բացահայտ հովանավորչություն։

«Սարգիս Սահակյանի գործով կա գեներալ, որն այս մեղադրյալներից մեկի կամ մի քանիսի թիկունքում կանգնած է, պատկերացրեք, ո՞վ կընդդիմանա գեներալին։ Սա Գևորգ Կոստանյանի քննած լավագույն գործերից է»,- ասաց նա։

Իրավապաշտպանները պատահական չեն համարում զինվորների մահվան դեպքերի մեծ մասը քննչական մարմնի կողմից սպանություն չորակելը, եթե նույնիսկ, իրենց կարծիքով, անհերքելի ապացույցներ կան։ Ի տարբերություն սպանության՝ և ինքնասպանության հասցնելը, և կանոնագրքային հարաբերությունները խախտելը և իշխանազանցությունը, ըստ Ալեքսանյանի, համարվում են միջին ծանրության հանցագործություններ և պատժից ազատելն ավելի հեշտ է դառնում «հովանավորչության պայմաններում»։

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի երեկ հրապարակած զեկույցի, 2013 թվականի սկզբից մինչ այժմ բանակում արձանագրվել է զինվորների մահվան 25 դեպք, որոնցից «սպանություն» որակվել է ընդամենը երեքը, այն էլ՝ «անզգույշ սպանություններ», 6-ը որակվել են ինքնասպանություններ, 2-ը կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանքներ, մնացածը դժբախտ պատահարները, անվտանգության կանոնների խախտումներն ու հրադադարի խախտումներն են։ Այսինքն, իրավապաշտպանների և զոհերի հարազատների շրջանում սպանության կասկածներ առաջացնող բոլոր դեպքերի վրա համաներումը տարածվում է, ընդ որում՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով, ըստ Ալեքսանյանի, մեղադրվողները լրիվ ազատվում են պատժի կրումից։

«Կուզենայի հիշեցնել 2011-ին Ռոբերտ Ավետիսյանի գործը Արմավիրի մարզից, նրան գնդակահարել էին զորամասի հենց տարածքում, գործը հարուցված էր անհրաժեշտ պաշտպանության հոդվածներով, և համաներման կիրառման փուլում դատարանը հենց առաջին նիստի ժամանակ հանցագործներին ազատեց դատարանի դահլիից... Սա մի խայտառակ պատմություն էր։ Ծնողը շատ վատ արձագանքեց, չէինք կարողանում նրան հանգստացնել .... Այսինքն և կեղծում են հանցագործությունը, և եթե նույնիսկ ձևական կալանավորում են, այսպիսի շանս են տալիս ազատելու։ Բանակում անպատժելիության մթնոլորտի հիմքերը սրանք են»,- ասաց իրավապաշտպանը։