Նարեկը երկու տարի ծառայել էր, ընդհամենը 20 օր էր մնացել, որ տուն դառնար: Ընտանիքի միակ արու զավակն էր՝ Նարեկի մեջ 85 ամյա պապի հավատն էր պահված.
"2005 թվի մայիսի 5-ին զանգում են, թե եկեք Ձեր դիակը տարեք",-Henaran.am-ին պատմեց հորաքույրը:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ Նարեկը մտել է բենզինի 2 տոննա կշռող տարայի մեջ, և չկարողանալով դուրս գալ՝ խեղդամահ է եղել: Տարայի մեջ գրեթե բենզին չի եղել, բայց "իբր ցանկացել է գողանալ և վաճառել վառելանյութը՝ մայիսի 9-ը նշելու համար":
Հարազատները համոզված են, որ 2 տոննա բենզինի գողությունը թաքցնելու նպատակով տղային սպանել են, դիտավորյալ խեղդելով՝ "բենզինի բակի" մեջ: Այդ մասին պատահաբար խոսել է նաև տաքսու վարորդը, որ պատմել է, թե ինչպես իր ուղևորներից մեկը հոգեպես վատ զգալով' խոստովանել է իր ծառայակից ընկերոջը բենզինի տարայի մեջ փակելու մասին:
"Ալավերդյան Վլադը Նարեկի մտերիմ ընկերն էր, մինչև հիմա համոզված ենք, որ նրա մատը խառն է այդ գործի մեջ: Նախաքննությունը ոնց ավարտվեց չգիտենք: Անգամ իրավահաջորդ չեն ճանաչել: Կեղծ դատաքննության արդյունքում շեշտվել է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել",-ասաց Սուսաննա Գալստյանը: