Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս ծննդյան օրվա առթիվ:

 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ' ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված են Ռուսաստանի Դաշնությունում մասշտաբային բարեփոխումները, ինչն անկասկած նպաստել է միջազգային ասպարեզում նրա դիրքի հետագա ամրապնդմանը:

 

Կցանկանայի հատուկ նշել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում և ընդգծել մեր միջև ձևավորված անձնական վստահելի հարաբերությունների կարևորությունը, որոնց շնորհիվ երկկողմ գործընկերության օրակարգն առաջընթաց զարգանում է և հարստանում կարևորագույն պայմանավորվածություններով քաղաքական ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրերով՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար բնագավառներում:

 

Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ընդգրկուն օրակարգի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների և այլ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում ռազմավարական գործընկերության համակողմանի զարգացման համար:

 

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, մեր համատեղ նախաձեռնությունները հետագայում ևս կնպաստեն մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության սերտացմանը, կծառայեն տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանը:

 

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, երջանկություն, բարօրություն և նոր հաջողություններ»: