Այսօր' հոկտեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով դատավարությունը:

 

Տիգրան Առաքելյանը միջնորդություն ներկայացրեց նորից հարցաքննել գործով տուժող ոստիկաններից Շահեն Հարությունյանին: Միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց:

 

Այնուհետև Տիգրան Առաքելյանը և պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրին անցկացնել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք ոստիկան Տիգրան Ավետիսյանը ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք և եղել է շատ ծանր վիճակում: Միջնորդությունը միտված էր պարզելու' ունի արդյոք այդ մարդը կոտրվածք, թե' ոչ: Պահանջում էր, որ պաշտպանի հետ անպայման գնան կլինիկա և ռենտգենի պատասխանն անպայման ստանան պաշտպան Մուշեղ Շուշանյանի ներկայությամբ:

 

Տիգրան Առաքելյանը, միջնորդությունը մեկնաբանելով, ասաց, որ հենց ոստիկանության լրատվական ծառայության պատրաստած ռեպորտաժում երևում է, որ դեպքից հետո գրեթե 4-5 ժամ տուժող Տիգրան Ավետիսյանը ոստիկանական տեղամասում է մնացել' ընդամենը մի փոքր արյունոտված շրթունքով:

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ' երկրորդ միջնորդությունը քննության առնելու:

 

Նշենք, որ կարծիք կա, որ Տիգրան Առաքելյանը հենց այսօր կարող է ազատ արձակվել:

 

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում դատավորը մերժել էր մի շարք երաշխավորագրեր՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքով փոխելու վերաբերյալ: