«Ժողովրդավարության խորը արմատներ չունեցող երկրներում արտաքին քաղաքական գծի փոփոխություն տեղի է ունենում միայն առաջնորդի փոփոխության պարագայում, ուստի Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո որևէ նոր բան չի կարելի սպասել. Ալիևը վերընտրվելու է, ռազմատենչ հայտարարությունները, շփման գծում իրավիճակը սրելու փորձերը և սպառազինության մրցավազքը շարունակվելու են»,- այսօր նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը:
Քաղաքագետի կարծիքի հետ համամիտ էր ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Ադրբեջանի հետ պետք չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, քանի որ այդ երկիրն ունի ֆինանսական մեծ հնարավորություններ, ուստի պետք է գործի դնել Ադրբեջանի վրա ազդեցության այլ լծակներ, որոնք, ի դեպ, առկա են: Սա, հատկապես, այն դեպքում, երբ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացներ չեն նկատվում և դժվար թե մոտակա տարիներին նման բան այդ երկրում տեսանելի լինի»,- նշեց ադրբեջանագետը:
Լրատվականներից մեկի հարցին, թե ի՞նչ կփոխվեր, եթե Մեհրիբան Ալիևան առաջադրվեր և հաղթեր, ինչո՞ւ այս սցենարը գործի չդրվեց, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը միջամտեց. «Մեհրիբան Ալիևայի նախագահ դառնալու պարագայում կուժեղանար փաշաևյան կլանը' թուլացնելով ալիևյան կլանի դիրքերը: Իսկ Հայաստանի դեպքում ոչինչ չէր փոխվի»: