ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչ Մակեդոն Ալեքսանյանը մտադիր է դիմել Եվրոպական դատարան Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցով:
Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը պատրաստվում է շահագործել «Lydian International» ընկերությունը, գտնվում է Ջերմուկ առողջարանային քաղաքից 12 կմ հեռավորության վրա: Հանքի շահագործման վերջին նախագծով' ազդակիր համայնքներ են ճանաչվել Գնդեվազ, Գորհայք եւ Սարավան փոքր համայքները, սակայն Ջերմուկը չի ընդգրկվել ազդակիր համայքների շարքում:
«Բնապահպանության նախարարությունը երկու անգամ դիմել է Ջերմուկի քաղաքապետարան, որպեսզի հասարակական լսումներին մասնկացեն, իրենց կարծիքը հայտնեն: Սակայն նրանց չեն արձագանքել»,- նշեց Մակեդոն Ալեքսանյանը: Ի պատասխան Մակեդոն Ալեքսանյանի հարցման' ՀՀ բնապահպանության նախարարությունը պաշտոնական նամակով հայտնեց. «Ամուլսարի հանքավայրի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով 08.05.2012թ., իսկ մասնագիտական եզրակացության հասարակական լսումներին մասնակցելու նպատակով 23.07.2013թ. գրություններով' «Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ը դիմել է Ջերմուկի քաղաքապետարանին, որտեղից առ այսօր որեւէ պատասխան չի ստացվել»:
Ամուլսարի հանքավայրի շահագործման Ջերմուկի ազդակիր համայնք ճանաչելու հայցով Ջերմուկի բնակիչները դիմել են դատարան: «Հիմա Հայաստանում մենք բոլոր դատական ինստանցիաները անցել ենք' սկսած Առաջին ատյանի դատարանից մինչեւ Վճռաբեկ դատարան… Եվ մեզ մերժել են: Պատրաստվում եմ դիմել Եվրոպական դատարան»,- ասաց Մակեդոն Ալեքսանյանը: