Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի վերաբերյալ այսօրվա ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին: Մարտիրոսյանը գրել է.
«Այլևս ըստ էության' հանքը բացելու պարտադրանք է հնչում վարչապետի շուրթերից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ' հայ ժողովրդի կամքին հակառակ որոշում պարտադրելով:
Շնորհիվ փաշինյանապաշտների ֆանատիզմի և նրանց կռապաշտական փառաբանումների' իրականությունից անչափ կտրված այս մարդը այլևս անցնում է Ռուբիկոնը Ամուլսարի և ժողովրդական վստահության հարցում:
Այսօրվա նրա ուղերձն Ամուլսարի հարցով' վիրավորանք է ոչ միայն ժողովրդին' այլև ապտակ և անարգանք: Անարգանք այն մարդկանց, որ իրեն պատվիրել են կատարել արմատական փոփոխություններ, այդ թվում և թույլ չտալ Ամուլսարի հանքի բացումը և միայն այդ ընդգրկուն առաքելությունն իրականացնելու համար է, որ նրան վստահության մանդատ է տրվել և ոչ սեփական և անընդունելի որոշումները պարտադրելու իրեն իշխանություն նվիրած ժողովրդին:
Դա նաև վիրավորանք է մեր բոլորի ինտելեկտին, որը հասցնելիս շաղ է տրվում ոչինչ չնշանակող, բայց գեղեցիկ բառերից բաղկացած մի անիմաստ բառակույտ, որի իսկական իմաստը միայն ու միայն իրական իրավիճակը շղարշելն է:
Անթույլատրելի է նաև հանքի բացումը ինչ-որ միֆական, միստիկական անվտանգային հարցերի հետ կապելը, որ նման է սեփական երկիրը շանտաժի ենթարկելուն և անչափ նման է արտաքին սպառնալիքներով սեփական ժողովրդին վախեցնելուն:
Սուտն ու կեղծիքը պետք է չհանդուրժվեն այլևս Հայաստանում: Անհրաժեշտ է համազգային մոբիլիզացիա: Երկրակործան այս ծրագիրը վիրավորական ստերով այս ժողովուրդը չի հանդուրժելու: Ամուլսարի վրա շվեյցարական հիվանդանոցի վիրահատական սենյակին հատուկ ստերիլությամբ և անվնասությամբ բաց մետաղական հանքը բնորոշող վարչապետը պետք է հստակ ուղերձ ստանա ժողովրդից, որ ժողովուրդն անուղեղ չէ, հիմար չէ, անինքնասեր չէ և իր կամքը իրեն անարգող կառավարչին պարտադրելու իրավունք ունի:
Ամուլսարը սար է մնալու»:
Մեկ այլ գրառմամբ Մարտիրոսյանն ասել է. «Եթե մարդը «ռիսկերի կառավարման ղեկը բաց թողնել» է համարում Ամուլսարի հարցը ժողովրդի կամքով լուծելը և չի կարողանում ընդդիմանալ ինչ-որ օֆշորային ընկերության ճնշումներին, սեփական ժողովրդին' հանուն այդ ընկերության վախեցնում է հնարավոր ինչ-որ աղետներով, ինչպե՞ս է դիմանալու հնարավոր պատերազմի և դրա ժամանակ առաջացող միջազգային ամենատարբեր ճնշումներին:
Ովքե՞ր են այսօր ղեկավարում այս երկիրը, ու՞ր է գնում Հայաստանը»: