Երբ 1989 թվականի ապրիլին, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, ես պետք է Հայաստան գայի իմ նախորդի հրավերով, նամակ գրեցի նրան, որ կամենում եմ այցելել Հայաստանի հարավում գտնվող Տաթևի վանք, մեր Եկեղեցու պատմության մեջ աստվածաբանական ամենանշանավոր կենտրոններից մեկը: Իմ ժամանման օրվա երեկոյան Վագգեն կաթողիկոսն ինձ ասաց. «Երբ ստացա Ձեր նամակը, հուզվեցի. իբրև կաթողիկոս իմ ծառայության 33 տարիներին ես ոչ մի անգամ չեմ այցելել Տաթևի վանք: Հիմա Դուք մի քանի օրով եք եկել Կիլիկյան Աթոռից, և եթե այնտեղ վերադառնաք, ի՞նչ կասեն մարդիկ:
Կհարցնեն' ո՞ւր է մեր կաթողիկոսը: Դրա համար ես որոշել եմ, որ մենք գնանք միասին»: Մենք միասին շրջեցինք Հայաստանի ամբողջ հարավում: Եվ բազմաթիվ հավատացյալների առաջ նա ասաց հետևյալը. «Սիրելիներս, դուք լավ գիտեք, որ ես երբեք ձեզ մոտ այցի չեմ եկել, ես չգիտեմ, արդյոք, լա՞վ եմ վարվել, թե՞ վատ… Բայց եթե նախապես եկած լինեի, դուք չէիք կարող այսպես հրապարակավ ինձ դիմավորել»:
Դա 1989 թվականն էր, և կային թեմեր, որտեղ նա չէր եղել իր ընտրվելու ժամանակից' 1955-ից ի վեր: Այսօր, երբ ես ուղևորվում եմ տարբեր տեղեր, երկրի հարավում և հյուսիսում, մարդիկ ինձ ասում են. «Մենք երբեք կաթողիկոս չենք տեսել…»: Բայց, կրկնում եմ, նա չէր կարող այլ կերպ վարվել: