Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանը բավարարված չէ համաներումից:

 

Այս մասին տեղեկացանք նրա փաստաբան Վաղինակ Գևորգյանից, ով մտավախություն ունի համաներման ակտի «ընտրովի» կիրառման առնչությամբ։

 

Բանն այն է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով 2011-ի մարտից անազատության մեջ գտնվող Թամամյանի վրա համաներումը տարածվում է, բայց նա հիմա ազատ չի արձակվի և կշարունակի բանտում մնալ ևս 1 տարի երկու ամիս։ Ինչպես մեկնաբանեց փաստաբանը, նրա նկատմամբ տարածվել է համաներման ակտի 8-րդ կետի 5-րդ ենթակետը, որով պատժի չկրած մասը մեկ- քառորդով է կրճատվել:

 

«Համաներումը, իհարկե չի բավարարի․ 2 տարի 6 ամիս է՝ ազատազրկում է կրում մարդը, նրա պատժաչափը կրճատում են մեկ-քառորդով, պետք է շարունակի էլի պատիժ կրել, բայց շատ ավելի ծանր հանցագործություններ կատարած անձինք, որոնք դատապարտվել են 8 տարի, 10 տարի ժամկետով ազատազրկման, ասենք՝ ավազակային հարձակմամբ, ենթադրենք, ու հանկարծ այդ մարդիկ պատժի մեկ-երրորդն են կրել, ազատվել են ու վերադարձել ընտանիքներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց դժգոհության պատճառը պարզաբանեց Վաղինակ Գևորգյանը,- «Եթե մարդասիրական ակտ է, հետևաբար պետք է ոչ թե ընտրովի լինի, այլ պետք է նաև կարողանա հավասարաչափ բաշխվել»։

 

Հիշեցնենք, Թամամյանը քրեական հետապնդման է ենթարկվել սպանության գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով փաստեր խեղաթյուրելու և ոչ թե իրական սպանողին, այլ' մեկ այլ անձի մեղադրանք առաջադրելու գործով, երբ հանցագործը ազատության մեջ էր և որպես վկա էր անցնում գործով։

 

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք քրեական հետախուզության պետի փաստաբանը սա ծանր հանցագործություն չի համարում, Վաղինակ Գևորգյանը պատասխանեց. - «Այդպիսի մեղադրանք առաջադրվեց, սակայն այդ մեղադրանքը չապացուցվեց, չհիմնավորվեց։ Հովհաննես Թամամյանը, եթե այդ անձանց հետ կապեր ու առնչություն ուներ, երկու հսկա դատավարություններ կատարվեցին նույն այդ անձանց հետ կապված, բայց Հովհաննես Թամամյանին որևէ մեկը որպես վկա չհրավիրեց։ Ավելին, երբ դատավարությունների ժամանակ միջնորդություններ արվեցին, որպեսզի Հովհաննես Թամամյանին բերեն հարցաքննության, նույնիսկ այդ միջնորդությունները մերժվեցին»։

 

Այնուհանդերձ, Թամամյանը համաձայնել է մեղադրանքի հետ և արագացված դատաքննությամբ դատավարությունն ավարտվել է։

 

Ըստ փաստաբանի, ազատազրկման այս ժամանակաշրջանում մի քանի անգամ դիմել է վաղաժամկետ ազատ արձակվելու կամ բաց ռեժիմի պայմաններում պատիժը կրելու միջնորդություններով:

 

«Երկու անգամ դիմել է, երկու անգամ էլ մերժում է ստացել։ Թե ինչո՞ւ՝ պատճառաբանություն չկա»,- ասաց Գևորգյանը։

 

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորում նման վերաբերմունքը Հովհաննես Թամամյանի նկատմամբ, «հետապնդո՞ւմ է սա, ո՞վ է ուղղորդում», փաստաբանը պատասխանեց, որ իրենք գործի՝ հատուկ ուղղորդված լինելու կամ նրան դիտավորյալ անազատության մեջ պահելու մասին տեղեկություններ չունեն:

 

«Այլապես մենք դրա մասին կբարձրաձայնեինք»,- ընդգծեց նա։

 

Հովհաննես Թամամյանի կալանավորումից 5 ամիս հետո խոշոր չափի յուրացման մեղադրանքով կալանավորված և 6 տարվա ազատազրկման դատապարտված Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը նախօրեին համաներմամբ ազատ արձակվեց:

 

 

 

 

azatutyun.am