ՀՀ ԵԿՄ Վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է բոլորիս Երեւանի հիմնադրման 2795-րդ տարեդարձի առթիվ:
Սիրելի հայ ժողովուրդ
Հարգելի երեւանցիներ
Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, լեգենդար 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւանձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Երեւանի հիմնադրման 2795-րդ տարեդարձի առթիվ:
Մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը մեր հայրենիքի սիրտն է, որը դեպի իրեն է ձգում համայն հայությանը:
Երեւանցի լինելը մեծ հպարտություն է: Այս հպարտությամբ Երեւանի կամավորական ջոկատները, 5-րդ բրիգադի Երեւանի գումարտակների մարտիկները մարտնչել են արցախյան ազատամարտում, ՀՀ սահմանամերձ շրջաններում' հանուն Արցախի ազատության ու Հայաստանի անկախության:
Յուրաքանչյուր մարտիկ, յուրաքանչյուր երկրապահ' երեւանցի, թե գյումրեցի, լոռեցի, թե էջմիածնեցի, մարտադաշտում կռվել է այն գիտակցությամբ, որ Երեւանն է պաշտպանում: Ես միշտ ասել եմ' տավուշեցին էլ, սյունեցին էլ, արցախցին էլ սահմանի վրա պաշտպանելով իր տունը' մայրաքաղաք Երեւանն է պաշտպանում:
Ես պատիվ եմ ունեցել մարտադաշտում տեսնել երեւանցի տղաների խիզախությունը, ովքեր հերոսաբար պաշտպանելով Հադրութն ու Մարտակերտը, գիտակցում էին, որ Երեւանն են պաշտպանում:
Հարգելի երեւանցիներ
Երեւանի քաղաքապետ, ԵԿՄ վարչության անդամ Տարոն Մարգարյանը ջանք ու եռանդ չի խնայում սիրելի մայրաքաղաքի հիմնախնդիրները լուծելու, քաղաքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով:
Մենք'երկրապահներս բոլոր երեւանցիների հետ միասին պատրաստակամ ենք մեր ներդրումը անելու, որ Երեւանը դառնա աշխարհի լավագույն քաղաքներից մեկը:
Մենք հիանում եւ հպարտանում ենք օրըստօրե գեղեցկացող Երեւանով:
Թող տոնական զգացողությունը պարուրի բոլորին, հատկապես Երեւանի համար հերոսաբար զոհված հայորդիների հերոս մայրերին:
Երեւանի հիմնադրման 2795-րդ տարեդարձի առթիվ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, երեւանցիներին, մայրաքաղաք Երեւանի բոլոր բարեկամներին:
Երեւանի հիմնադրման տարեդարձի տոնը ամբողջ հայության տոնն է:
Տոնդ շնորհավոր, Էրեբունի Երեւան: