Լրատվամիջոցները ձանձրանալու հնարավորություն, որպես այդպիսին, չեն ունենում: Կառավարման համակարգի նույնիսկ Ճ կլասի դերակատարները մշտապես զվարթ են պահում լրագրողների՝ առանց այդ էլ հագեցած առօրյան՝ իրենց անհավասարակշիռ, պետական պաշտոնյաներին ոչ հարիր բառապաշարով: Երեկվա՝ ԱԺ պատգամավորին այրելու խանձահոտից հետո այսօր օդը պղտորվեց հերթական պաշտոնյայի հակահիգիենիկ հայտարարություններով:
NEWS.am-ին հարցազրույց տված Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, պատասխանելով այն հարցին, թե քննադատողները նշում են, որ նախորդ տարի Էրեբունի - Երևան միջոցառումների համար ծախսվել է 90 միլիոն դրամ, ի՞նչ է փոխվել այս տարի, որ գումարը կրկնապատկվել է՝ ասել է, որ 90 մլն դրամ հատկացվել էր համայնքային բյուջեից, իսկ մնացած գումարը տվել էին մասնավոր ընկերությունները, նույնը կարող է լինել նաեւ այս տարի: «Ու եթե ինչ-որ մի քանի «ուռոդ», որոնք ուղղակի չարացած տականքներ են, բառիս ամենաուղիղ իմաստով, եթե իրենք անգամ հասկանալով են դա անում, շատ ավելի վատ, բառացի այդ մարդը (քաղաքապետ տեղակալ Արամ Սուքիասյանը) բացատրել է, եթե իրենք չեն հասկանում, ես իրենց ասելու բան ուղղակի չունեմ»,- նշեց նա:
Սա քաղաքապետարանի պաշտոնյայի միակ հայտարարությունը չէ: Պատասխանելով հարցին, թե հնարավոր չէ՞ր այդ գումարները ուղղել քաղաքում առկա բազմաթիվ խնդիրների լուծմանը, նա մուննաթով նետել է. «Ընդունենք՝ առանք մեկ աղբատար մեքենա, դա քաղաքի հարց լուծո՞ւմ է: Ինչ-որ տականք, տականքների մի խումբ ասում է տրանսպորտի սուբսիդավորում չեք իրականացնում, ասում եք՝ գումար չկա, բայց 200 միլիոն դրամ եք տալիս, տրանսպորտը սուբսիդավորելու համար առնվազն անհրաժեշտ է մինչեւ տասը միլիարդ գումար»,- ասաց նա:
Նախ անդրադառնանք հարցի առաջին մասին: Ո՞վ էր պարտավոր հասարակությանը բացատրելու, թե որտեղից են գոյանում տոնակատարությունների համար ծախսվող գումարները: Իհարկե՛ քաղաքապետարանը: Բոլորովին արժանահավատ չեն թվում այն հավաստիացումները, որ մասնավոր ընկերությունները գումարներ են ներդնում քաղաքային միջոցառումների համար: Ինչու՞ այդ ընկերությունների ցանկը չի հրապարակվում: Արդեն մեկ շաբաթ է՝ այդ վարկածը շրջանառության մեջ է, ու՞ր են բարեգործների անունները: Կամ ե՞րբ քաղաքապետարանը դարձավ Աստծո մամուլի քարտուղարությունը, որտեղից հրե գնդեր են նետվում իրենց աշխատանքի վերաբերյալ կասկածներ ունեցող քաղաքացիների ուղղությամբ: Քաղաքացիները համապատասխան պաշտոնյային վճարում են ոչ թե նրա համար, որ իրենց հասցեին լուտանքներ թափի, այլ տրամադրի արժանահավատ տեղեկություններ՝ քաղաքային իշխանությունների գործունեության վերաբերյալ:
Ինչ վերաբերվում է քաղաքապետարանի պաշտոնյայի մյուս հայտարարությանը, թե ինչ-որ տականքների խումբ ասում է՝ տրանսպորտի սուբսիդավորում չեք իրականացնում, ապա պետք է նշեմ, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնության մոտ վերջին շռայլ պետական վատնումների ֆոնին այդպիսի հարցադրումներ են ծագել: Ով է այդ երիտասարդին իրավունք տվել փսիխոլոգիկ շեղման դիագնոզի հաստատման համար անթերի հայտարարություններ անել՝ քաղաքացիների ստվար մասի հասցեին: Իշխողի կեցվածքը այս մարդկանց այն աստիճանի է լկտիացրել, որ իրենց իրավունք են վերապահում հակադիր դիրքորոշում հայտնած մարդկանց տականքներ անվանել: Եվ դա արվում է մի պաշտոնյայի կողմից, որը ի պաշտոնե պարտավոր է իր էմոցիաները կապել մոտակա որևէ ծառից և աշխատանքի վայրում պահել սթափ, հարգալից և դուրս չգալ պաշտոնական ձևակերպումների սահմաններից:
Քաղաքապետի առաջիկա օրակարգում այս պաշտոնյային աշխատանքից ազատելու խնդիրը, վստահ եմ, պետք է առաջինը լինի: Հակառակ պարագայում ստացվում է, որ լկտիությունը և պետության քաղաքացիների նկատմամբ անշնորհք վերաբերմունքը հովանավորվում է ամենաբարձր մակարդակով: