Հանրային խորհրդն անդրադարձել է «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Հիշեցնենք' փաստաբանները պահանջում են շրջանառությունից հանել հիշյալ նախագծերը՝ դրանք համարելով իրենց անկախ գործունեության դեմ ուղղված անընդունելի փորձ: Նշենք, որ կառավարության ներկայացրած օրինագծերով նախատեսվում է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ, որով այդ լիազորությունները վերապահվել են արդարադատության նախարարությանը:
Օրենքի ընդունման պարագայում գրանցամատյանում մեկ տարի հաշվառելու դեպքում, փաստաբանից գանձվելու է 60 000 դրամ պետական տուրք: Սա այն դեպքում, երբ փաստաբաններն արդեն իսկ տարեկան այդչափ գումար են վճարում պալատին, իսկ առեւտրային իրավաբանական անձը գրանցվելու համար միանվագ 12 000 դրամ է վճարում: Փաստաբանների անհամաձայնությունն օրենքի այս փոփոխությունների հետ կիսել են նաև Հանրային խորհրդի քննարկման մասնակիցները:
Բանախոսները նշել են, որ առաջարկվող փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան դատիրավական ոլորտի վրա՝ խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը: Ինչ վերաբերում է գանձվող գումարին, որը պետք է ուղղվի անվճար իրավաբանական օգնությանը, ապա դա նույնպես համարվել է անթույլատրելի, քանի որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը:
Գործող օրենքով' պետությունը տարեկան գումար է փոխանցում հանրային պաշտպանի գրասենյակին, որի միջոցով էլ իրականացվում է անվճար իրավաբանական օգնությունը: Նոր օրենքով, փաստորեն, այս ծախսը փորձ է արվում դնել փաստաբանների վրա: Քննարկման ավարտին, Հանրային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ կառավարությունը կվերանայի իր որոշումը և հետ կկանչի նախագծերը: Հակառակ դեպքում հարցը քննարկման կդրվի Հանրային խորհրդի լիագումար նիստին, որին կհրավիրվի նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: