«Բազմիցս հորդորել ենք Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել ընտրական ազատ և արդար գործընթաց և ափսոսում ենք, որ այս ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշների»: Միացյալ Նահանգների արտգործնախարարության համաձայն, Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշների՝ այսպիսով սատարելով ԵԱՀԿ-ի դիտորդների զեկույցը, որտեղ մատնանշվել են բազմաթիվ ընտրախախտումներ:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆի համաձայն, «ընտրությունների գործընթացը չի սկսվում կամ ավարտվում ընտրությունների անցկացման օրը», և Միացյալ Նահանգներն ուշիուշով հետևում է Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներին:
«Բազմիցս հորդորել ենք Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել ընտրական ազատ և արդար գործընթաց և ափսոսում ենք, որ այս ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշների», - ասել է Հարփը:
Անդրադառնալով Ադրբեջանում անցկացված ընտրություններն ու նախընտրական շրջանը բազմաթիվ ընտրախախտումների և քվեատուփելի լցոնումների պատճառով քննադատության ենթարկած ԵԱՀԿ-ի զեկույցին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի խոսնակը մատնանշել է, որ նույն խնդիրները գրանցվել են Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության կողմից:
«Մեզ անհանգստացրել են գործընթացի թերությունները: Բոլորս քաջատեղյակ ենք, որ ամբողջական գործընթացի համար հետընտրական ժամանակաշրջանը նույնքան կարևոր է, որքան այն, ինչ կատարվում է ընտրությունների օրը, և մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հարգել խաղաղ հավաքների, միավորվելու և խոսքի ազատությունը, ինչպես նաև կոչ ենք անում պահպանել զսպվածություն և խուսափել բռնություններից», - ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ադրբեջան ապագա հարաբերությունների վրա ընտրությունների ունեցած ազդեցությանը, ապա, ըստ Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Մարի Հարֆի, «իրավիճակը շարունակվում է գնահատվել, մենք վերլուծում ենք քաղաքականությունը՝ հետագա քայլերը որոշելու նպատակով»:
«Ամերիկայի Ձայն»