Երևանի դպրոցներում աշխատող ուսուցիչներից երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն ահազանգեր են ստացվել այն մասին, որ իրենց պարտադրվում է մասնակցել այսօր կայանալիք տոնական միջոցառումներից մեկին: Ըստ այդմ, ուսուցիչներից պահանջվել Է ժամը 13:00-ին հավաքվել քաղաքապետարանի մոտ: Նրանց նաև տեղեկացվել է, որ ուսուցիչներին «ներկա-բացակա» են անելու: Երբ այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու համար թերթը դիմել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, նա նախ պատասխանել է.« Չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել», ապա հավելել. «Ես կարող եմ միայն ասել, որ «Էրեբունի-Երևանը» բոլոր երևանցիների տոնն է, և այս դեպքում ոչ միայն ուսուցիչները, քաղաքի բոլոր բնակիչները, մեր երևանցիները՝ մեծ ու փոքր, առնվազն իրենց հոգու պարտքը պիտի համարեն ներկա գտնվել և ուրախանալ այդ օրը: Եթե իրենք կարծում են, որ ստիպողաբար են գնալու, ապա իմ խորհուրդը կլինի նման մտածելակերպով մարդկանց, որ ավելի լավ է չմասնակցեն: Սա քաղաքի տոնն է ու Երևան քաղաքը կարծում եմ արժանի Է, որ այդ օրը մենք ուրախացնենք քաղաքին»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: