Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձոր քաղաքում գտնվող դատարանում դռնփակ դատական նիստ էր:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դատարան էր բերվել ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից, հոկտեմբերի 12-ին Վանաձորում 15-ամյա Դավիթ Հովակիմյանին սպանելու մեջ կասկածվող 22-ամյա Կարեն Կունգորցևը:

 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Տարոն Թադևոսյանը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառի 2-ամսյա կալանք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ դատավոր Վարդուհի Հովնանյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց քննիչի միջնորդությունը և 15-ամյա տղային սպանած Կարեն Կունգորցևը վերցվեց երկամսյա կալանքի:

 

Վանաձորի ոստիկանները նրան դատարանից տեղափոխեցին ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր մամուլում հրապարակում էր եղել, որ սպանություն կատարած 22-ամյա երիտասարդը նախկինում 3 անգամ եղել է դատապարտած և նոր էր ազատվել կալանքից՝ համաներման առթիվ: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը՝ նա եղել է 1 անգամ դատապարտված և պատժի ամբողջական մասը կրել է: 

 

Հիշեցնենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Տարոն Թադևոսյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: