Երեկ Ժնևում ավարտվել են ԻԻՀ-ի միջուկային հիմնախնդրի շուրջ ծավալված երկօրյա բանակցություններն Իրանի և «5+1» երկրների պատվիրակությունների միջև: Որևէ արտառոց միջադեպ բանակցությունների ընթացքում չի արձանագրվել, և քննարկումներն ընթացել են փոխադարձ վստահության մթնոլորտում, ինչը երևում է հանդիպումից առաջ և հետո կողմերի հնչեցրած հայտարարություններից: Այդ է վկայում, մասնավորապես, Սպիտակ տան հայտարարությունն առ այն, որ բանակցությունների ընթացքում «իրանական պատվիրակությունն ամենայն լրջությամբ է մոտեցել քննարկվող հարցերին»: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ք. Էշթոնը նույնպես նշել է այն մասին, որ «կողմերը քննարկել են հիմնախնդիրը որակապես նոր հարթության շրջանակներում»:

 

Այդուհանդերձ, հասարակական լայն զանգվածներին հուզող կարևորագույն հարցերից մեկը, թե ինչ նոր առաջարկություններ է ներկայացրել իրանական կողմը և ինչպես են դրանց արձագանքել «վեցյակ» երկրները, մնում է բաց: Որևէ պաշտոնական հայտարարություն կողմերը չեն հնչեցրել, որից հնարավոր կլիներ հնարավորինս համակողմանիորեն պատկերացում կազմել բանակցությունների ընթացքի վերաբերյալ: ԻԻՀ-ի փոխարտգործնախարար Ա. Արաղչիի խոսքով՝ «իրանական պատվիրակությունը կարողացել է ամբողջապես ներկայացնել Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման իր տարբերակները, սակայն տարաձայնություններն, այնուամենայնիվ, պահպանվել են»:

 

Ինչպես տեսնում ենք, որակապես նոր բանակցային գործընթացի մեկնարկը տրված է, որտեղ բանակցող կողմերի համար երկուստեք բաց են բոլոր խաղաթղթերը, սակայն «խաղն» ավարտին հասցնելու համար բացակայում է ամենակարևորը՝ կամք և վճռականություն: Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ կողմերն Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք են բերել նախնական համաձայնություն, սակայն անհրաժեշտ են համարում այդ մասին առայժմ չհրապարակել՝ անցանկալի խոչընդոտներից խուսափելու նպատակով: Չի բացառվում նաև, որ բանակցող կողմերը բախվել են նախկին «արգելապատնեշին», սակայն արդի տարածաշրջանային զարգացումների ֆոնին չեն ցանկանում հանրայնացնել այդ բոթը, որպեսզի հետագայում պարտադրված չլինեն իրենց հասարակությունների առջև իրականացնել հիմնախնդրի լուծման հստակ և շուտափույթ գործողություններ: