Մինչ Մոսկվան և Արևմուտքը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միջուկային զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե զգալի առաջընթաց են արձանագրել Վաշինգտոնի հետ միջուկային զենքի շուրջ բանակցություններում։
Մյուս կողմից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հայտարարեց, թե Պուտինը չի կատակում և մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ակնառու է՝ իբրև աշխարհի առջև ծառացած լրջագույն վտանգ։ Ո՞րն է Վաշինգտոնի այս երկիմաստության խորհուրդը։
«Նախ պետք է նշել, որ ի սկզբանե Մոսկվայի կողմից միջուկային սպառնալիքը բլեֆ էր, որը չաշխատեց։ Միեւնույն ժամանակ' աշխարհաքաղաքական գործընթացներում ցանկացած իրավիճակ հմուտ խաղացողների համար նոր հնարավորությունների դաշտ է։ Այսպես. Ռուսաստանի պես անկանխատեսելի եւ անվստահելի պետության կողմից սպառնալիքը անուղղակիորեն ամրապնդում է ԱՄՆ ից կախվածություն ունեցող' Եվրոպայում եւ այլ տարածություններում գտնվող պետությունների ձգտումը դեպի «անվտանգային հովանոց»։
ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Նրա բնորոշմամբ, այդ հովանոցը, կամ ներկա աշխարհում Ռուսաստանին զսպող միակ ուժը նրանք տեսնում են Միացյալ նահանգների մեջ։
«Իսկ Ռուսաստանն էլ, շանտաժի միջոցով, կարողանում է մեծացնել իր ազդեցությունը իրեն հասանելի տարածություններում եւ «աշխարհակարգից դժգոհ» հատվածներում։ Ստացվում է մի իրավիճակ, երբ գործընթացի հիմնական խաղացողները մանեւրելու միջոցով օգտագործում են իրավիճակը' իրենց դիրքերն ամրապնդելու համար»,-ընդգծեց Ղևոնդյանը։
Արա Ալոյան