Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում ավարտվել են թվով 16 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Ծրագիրը ներառել է 7 վարչական շրջան. Ավան, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի և Դավթաշեն: Նոր հենապատերից մեկը կառուցվել է Էրեբունիում, 2 -ը' Նոր Նորքում:

 

Ըստ անհրաժեշտության բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ նորերով են փոխարինվել նաև բացակա քարերը, բարեկարգվել է արտաքին տեսքը: Միաժամանակ, որպես պարտադիր պայման, բոլոր հենապատերի անմիջական հարևանությամբ անցկացվել են ջրահեռացման համակարգեր, որպեսզի բացառվի խոնավության ներթափանցումը և հենապատերի հնարավոր քայքայումը:

 

Ընդհանուր աշխատանքների ավարտի վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 30-ը, սակայն նոր ուսումնական տարվա սկզբին արդեն ծրագրում ներառված և չբարեկարգված հենապատ չի եղել:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն