Բրիտանական The Guardian պարբերականի նախկին լրագրող Գլեն Գրինվալդը հայտարարել է, որ նոր նյութեր է պատրաստել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացած տեղեկությունների հիման վրա, և այդ «ռումբերի» մեծամասնությունն առնչվում է Լատինական Ամերիկայում հատուկ ծառայությունների լրտեսման դեպքերին, տեղեկացնում է Взгляд-ը։
«Ես կարող եմ խոստանալ, որ լինելու են շատ նորություններ, այնքան կարևոր, որքան սրանից առաջ հրապարակվածները»,-հայտարարել է լրագրողը։
Հարցին, թե դեռ ունի՞ լրատվական «ռումբեր» Լատինական Ամերիկայում լրտեսության դեպքերի առնչությամբ, Գրինվալդը պատասխանել է. «Դեռ շատ բան կա, ներառյալ՝ տվյալներ Արգենտինայի, Վենեսուելայի, Կանադայի... մայրցամաքի բոլոր երկրների վերաբերյալ։ ԱՄՆ կառավարության կողմից լրտեսման թիրախում եղել են Լատինական Ամերիկայի բոլոր երկրները»։
Նա նշել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսական բազմաթիվ գործողություններ է իրականացնում Լատինական Ամերիկայում, մասնավորապես տարածաշրջանային երկրների և դրանց կառավարությունների տնտեսական քաղաքականության վերաբերյալ։
Բրիտանական պարբերականի նախկին աշխատակիցը նշել է, թե նյութերի մեծամասնությունը, որոնք Սնոուդենն իր հետ ԱՄՆ-ից Հոնկոնգ, ապա Ռուսաստան էր տարել, դեռևս չի հրապարակվել։ Լրագրողը խոստացել է, որ դրանք շուտով մամուլում կհայտնվեն։