Ամերիկյան Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը մայիսի 27-ին կհայտարարի, թե արդյոք մասնակցելո՞ւ է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին: Այս մասին նա հայտարարել է Fox News-ի լրագրողներին:
«Մենք որոշում կընդունենք և մայիսի 27-ին կհայտարարենք 2016-ի մեր ծրագրերի մասին»,- ասել է հանրապետական քաղաքական գործիչը:
Սանտորումը հայտնի է իր պահպանողական հայացքներով: Նա հանդես է գալիս մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողություններն ակտիվացնելու և ամերիկյան տնտեսության մրցունակությունը բարձրացնելու օգտին:
Հանրապետական կուսակցությունից ընտրապայքարին մասնակցելու մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին սենատորներ Թեդ Կրուզը, Ռենդ Փոլը, Մարկո Ռուբիոն, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, նյարդավիրաբույժ Բեն Կարսոնն ու Hewlett-Packard-ի նախկին ղեկավար Կարլի Ֆիորինան: