Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչներ Յուրա Ռուշյանը և Անահիտ Սարգսյանը, ում վրա նախորդ շաբաթ գայլ էր հարձակվել, շարունակում են բուժում և կատաղության դեմ ներարկումներ ստանալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Կաթնաջուր համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը:
Նա նշեց, որ բնակիչները զգուշանում են, վախենում են մթին դուրս գալ, բայց ամեն մի տան դռան կամ անասնագոմի մոտ չի կարող հրացանով մարդ կանգնել:
Յուրա Ռուշյանը մեզ տեղեկացրեց, որ ապաքինվում է և շարունակում է բուժում ստանալ: Գյուղացին պատմեց դեպքի մանրամասները. «Երեկոյան 10:30 էր, մեր հանգստանալու ժամն է: Մտա անկողին, մի քանի րոպե անց մեր շների ձայները լսեցի, զգացի, որ վախեցրեցին: Դուրս եկա, շունը սկսեց հաչալ, մյուս շներն էլ հաչեցին, տեսա բան չկա, ասեցի' մտնեմ տուն, ցուրտ է: Դեռ միջանցք չհասած' շենքի մյուս կողմից մի փոքր շուն ունենք, դա վախեցած պատերին քսմսվելով եկավ հացատան դռանը նստեց: Հետո տեսնեմ գայլը գալիս է»:
Յուրա Ռուշյանը սկզբում չի հասկացել, որ գայլ է: Ձեռքի փայտը նետել է գալի ուղղությամբ, վերջին էլ եկել է դեպի գյուղացին: Այստեղ հասկացել է, որ գայլ է, փայտով խփել է ու մտել ներս: «Տնեցիքին տեղյակ պահեցի, դե գյուղում զուգարանները դրսում են, երեխաները չգնային դուրս: Շորերս հագա մի քիչ հետո: Ձորի այն կողմում եղբայր ունեմ: Զգացի, որ այդ կողմում աղմուկ է, մտածեցի' գայլն է: Նայեցի, տեսա իրենց դուռը բաց էր, լույսերը' վառը, զգացի, որ ինչ-որ բանի հարվածում է: Ասեցի, մի վախեցի, գայլ է, ես գալիս եմ: Մի փայտ վերցրեցի, գնացի, եղբայրս բահով խփում էր, մի քանի անգամ էլ ես խփեցի, բայց գայլը չէր փախչում: Սկսեցինք խուճապի մատնվել, ճիշտն ասած: Ասացի իբր դանակով խփեմ, սա տեսավ դանակը: Դե մութ էր, կենդանու տեսողությունն էլ ավելի լավ է: Ձեռքիցս բռնեց, քաշեցի, մի քիչ սեղմեցի, հետո եղբայրս խփեց գլխին, թուլացավ: Արդեն սատկում էր, քարով էլ հարվածեցի: Գնացի տուն ու ասացի' զանգեք շտապօգնություն»:
Գյուղացուն տարել են հիվանդանոց, բժիշկները վերքը մշակել են: Քիչ անց իմացել է, որ գայլը վեր է կացել ու փախել: Մարդիկ սկսել են փնտրել կենդանուն, նորից աղմուկ է բարձրացել, կանչել են որսորդին, ով կենդանուն կրակել է: «Դե հարձակվում էր մեր վրա, բա ինչ աներ»,- ասաց նա:
Յուրա Ռուշյանը հայտնեց, որ վտանգ մինչ օրս զգում է. «Վախ կա, ես զգում եմ, որ գիշերները գայլ է գալիս: Գյուղում ոնց որ պարետային ժամ լինի, ոչ ոք չի կարողանում ներսուդուրս անել»:
Հավելենք, որ անցյալ տարի փետրվարից քաղաքացիները կարող էին օրինական կերպով գայլ սպանել, իսկ դրա դիմաց 100 հազար դրամին համարժեք պարգև ստանալ: Կառավարության այդ որոշումն այս տարվա ապրիլին ուժը կորցրած էր ճանաչվել, իսկ նորը մշակվել էր այս տարվա հունիսին: Այն ժամանակ Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը ասել էր, որ կառավարության որոշման նախագիծը տարբեր շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցման փուլում է: «Հսկայական գումարի մասին է խոսքը, նախատեսվում է ևս 200 գայլ սպանելու թույլտվություն»,-ասել էր Աղասյանը:
Պաշտոնյան մեզ տեղեկացրեց, որ այս պահին դեռ թույլտվությունը չկա, իսկ նախարարության մամուլի խոսնակը խոստացավ մանրամասներ հայտնել քիչ ուշ: