Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների ջարդից փրկված և սեպտեմբերի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարության անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ Հայաստան տեղափոխված Թովմասյանների ընտանիքի 17 անդամները հանգրվանել են հայրենիքում:
Մտնելով Քոբանի' ԻՊ-ի գրոհայինները սպանել են քնած գյուղացիներին, այրել տներն ու մարդկանց։ 43-ամյա Հովսեփ Թովմասյանին սպանել են 13-ամյա որդու աչքի առաջ։ Թովմասյանների գերդաստանի մնացած անդամները (Թովմասյան 4 եղբայրների ընտանիքները, այդ թվում' 11 երեխա) հրաշքով կարողացել են փրկվել և հասնել սահման։ Թուրք սահմանապահներն ընտանիքին թույլ են տվել մտնել Թուրքիա և տեղավորել Սուրուճի դպրոցի շենքում, որտեղ ընտանիքը բազում դժվարություններով ապրել է 3 ամիս:
ՀՀ սփյուռքի նախարարությունը Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և «Ակօս» շաբաթաթերթի աշխատակից, պոլսահայ լրագրող Արիս Նալջըի շնորհիվ մշտապես տեղեկացել է Թուրքիա տեղափոխված Թովմասյանների և մյուս ընտանիքների մասին:
Նախարար Հրանուշ Հակոբյանի հանձնարարությամբ նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շահագրգիռ կառույցների հետ (ՄԱԿ ՓԳՀ, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն», «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ, «Օքսֆամ»-ի հայաստանյան մասնաճյուղ) քննարկել են ընտանիքի' Հայաստան տեղափոխվելու տարբերակները, Թովմասյաններին կացարանով ապահովելու և այլ անհրաժեշտ աջակցություն տրամադրելու հարցերը:
Միջնորդավորված բանակցությունների արդյունքում, Թովմասյաններին տրամադրվել են ճամփորդական փաստաթղթեր: ԱՄՆ-ում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Րաֆֆի Արդհալջյանի ֆինանսավորմամբ լուծվել են Թովմասյանների ընտանիքի Հայաստան տեղափոխվելու ծախսերը:
Ընտանիքին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն», «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ և մամուլի ներկայացուցիչները:
Թովմասյանների ընտանիքը տեղավորվել է մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում՝ հատուկ նրանց համար առանձնացված հարմարավետ կացարանում: ՀՀ սփյուռքի նախարարությունը, այլ կառույցների հետ համագործակցելով, ձեռնամուխ է եղել 17 հոգուց բաղկացած Թովմասյանների գերդաստանի կեցության խնդիրների լուծմանը: