«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն ամփոփեց հոկտեմբերի 22-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

 

- ՀԿԵ-ի Հայաստանում 5 տարիների աշխատանքի ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքի արդիականացմանը: Այս տարիների ընթացքում վերանորոգվել է 300 կմ գիծ, տեղադրվել 412,5 հազ կոճղ: 2013 թվականին նախատեսված է կապիտալ վերանորոգել 15 կմ գիծ, 19 կմ գծում կկատարվի ուժեղացված միջինացված վերանորոգում, իսկ 31 կմ՝ ուժեղացված բարձված վերանորոգում, - ասաց Ընկերության ղեկավարը:

 

Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս տարվա ընթացքում դիտվում է գծի վիճակի բարելավում, իջնում է գծի բալային գնահատականը: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենը, 2013 թվականի ընթացքում ապահովվել է գծի 100 բալից ցածր գնահատական առաջադրանքը:

 

Ինչպես հիշեցրեց ՀԿԵ ղեկավարը, 2013 թվականի սեպտեմբերին գնահատականը կազմել է 94 բալ, մինչդեռ անցած տարվա սեպտեմբերին այն կազմում էր 150 բալ:

 

- Մենք լուծել ենք այս խնդիրը և նորոգել ենք այս տարվա սկզբին դեռ առկա բացասական գնահատական ունեցող տասնյակ կիլոմետրը: Հունիսին բացասական գնահատական ուներ միայն 1 կմ, օգոստոսին նման կիլոմետրեր չկար, իսկ սեպտեմբերին նեգատիվ գնահատական ստացել է 5 կմ գիծ, - հայտարարեց Վիկտոր Ռեբեցը:

 

Սակայն գլխավոր տնօրենը նշեց, որ՝ չնայած նման հաջողություններին, աշնանային զննման ընթացքում արձանագրվել էին մի շարք թերություններ: Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս թերությունների պատճառ է հանդիսացել ոչ թե կադրերի կամ նյութերի պակաս, այլ ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքը:

 

- Սակայն հարկ է նշել նաև որոշ դրական միտումներ: Էապես բարելավել է Գյումրի և Մասիս կայարանների տեխնիկական վիճակը, հաջողություններ արձանագրվեցին էլեկտրիֆիկացման և էներգամատակարարման համակարգի աշխատանքում, - նշեց Վ.Ռեբեցը:

 

ՀԿԵ գլխավոր տնօրենը ընդգծեց, որ երկաթուղու համար նման դժվար աշնանային և ձմեռային ժամանակահատվածում ղեկավարներն ամեն շաբաթ պետք է անձամբ զննեն գծի վիճակը՝ բոլոր ջանքերը գործադրելով ենթակառուցվածքի առողջացման ծրագրի կատարման և արված նկատողությունների վերացման համար:

 

- Մեզ մեծ և լարված աշխատանք է սպասում, - նկատեց Ընկերության ղեկավարը:

 

Հիշեցնենք, որ աշնանային զննումն անցնում է երկաթուղում ամեն տարի: Անցկացվող միջոցառումների համակարգն ուղղված է երկաթուղու կայուն աշխատանքի ապահովվմանն աշնանն ու ձմռանը: Հատուկ ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, ձնամաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման և մասնագետների նախապատրաստման հարցերը: