Մաքսային միության անդամ երկրների ղեկավարները շտապել են ընդունել Հայաստանի հայտը «Մաքսային միությանը եւ տնտեսական միասնական տարածքին» միանալու վերաբերյալ, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

 

«Պայմանավորվել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որի առջեւ խնդիր է դրվել սեղմ ժամկետներում պատրաստել համապատասխան «ճանապարհային քարտեզ»,-ասել է ՌԴ նախագահ Պուտինը:

 

Հետաքրքիր է, որ երկրի նախագահը, որի հայտն ընդունել են, այդպես էլ չի հանդիպել լրագրողներին եւ չի հայտնել իր ուրախությունն այդ կապացությամբ: Կամ ուրախություն չի եղել, կամ հայտն ընդունել են առանց Սերժ Սարգսյանի, կամ էլ գուցե նրան թույլ չեն տվել կանգնել տեսախցիկների առաջ, որ հանկարծ ինչ որ «չնախատեսված» բան չասի:
Նիստի մասնակիցները հաստատել են իրենց մտադրությունը՝ ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագիրը, որը պետք է իր աշխատանքը սկսի 2015 թ. հունվարի 1-ից:

 

Առաջին հայացքից, իդեալական ընթացք է, առավել եւս, որ սպասվում էին վեճեր տարբեր հարցերի շուրջ: Լուկաշենկոն նույնիսկ ասել է, թե չէր սպասում նման հաջողություն:

 

«Չեմ ասի, որ սա ճեղքում էր, սակայն սա խոշոր քայլ էր, որը մենք արեցինք մեր այսօրվա շփումների ընթացքում»,-ասել է նա:

 

Կարճ ասած, ճեղքում առայժմ չկա, եւ հարցերը դեռ մնում են: Օրինակ, Նազարբաեւը հայտարարել է գլխավոր մտահոգության մասին: Նա առաջարկել է Թուրքիային ընդունել Մաքսային միության անդամ, դա բացատրելով նրանով, որ իրեն հաճախ են հարցնում՝ «մենք ստեղծում ենք ԽՍՀՄ, թե՞ Ռուսաստանի տակ ինչ որ բան: Գուցե ընդունենք Թուրքիային, մեծ երկիր է, եւ խոսակցությունները կավարտվեն», առաջարկել է Նազարբաեւը:

 

Սա նշանակում է, որ ոչ Նազարբաեւը, ոչ էլ Լուկաշենկոն մտադիր չեն անվերապահ ենթարկվել Ռուսաստանին, եւ Մաքսային միությունը գոյություն է ունենալու մինչեւ այն պահը, քանի դեռ Ռուսաստանը մյուս անդամներին տրամադրելու է մաքսային պրեֆերենցիաներ: Օրինակ, Լուկաշենկոն պահանջել է հանել բենզինի մաքսատուրքը, հակառակ դեպքում կլքի Մաքսային միությունը:

 

Ընդ որում, Լուկաշենկոն սենսացիոն հայտարարություն է արել: Նա խոստովանել է, որ մտնելով Եվրասիական միություն, երկրները կորցնում են ինքնիշխանության մի մասը: Սակայն նա ասել է, որ չարժե մտահոգվել, որ լիազորությունների մի մասը անցնում է վերազգային մակարդակ:

 

«Ինքնիշխանությունը սրբապատկեր չէ: Ամեն ինչ իր գինն ունի, եւ եթե մենք ուզում ենք ավելի լավ ապրել, ապա պետք է ինչ որ բան զոհենք,- նշել է Լուկաշենկոն:

 

Արդյոք Հայաստանի խորհրդարանը, Սահմանադրությունը Սերժ Սարգսյանին պետական լիազորությունները վերազգային մարմնին փոխանցելու իրավունք են տվել: Թե՞ սահմանադրական փոփոխությունները ներկայում հենց այդ նպատակով են նախաձեռնվել:

 

 

 

 

 

 

 

Նաիրա Հայրումյան