Lragir.am Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հակասական գործիչ է։ Ակնհայտ է, որ նա Բելառուսում ամբողջատիրություն է հաստատել, բայց, մյուս կողմից, իր երկրի շահերը պաշտպանում է ատամներով, ավելի անզիջում, քան «ժողովրդավար» շատ հետխորհրդային երկրների ղեկավարներ։
Դա նկատել ու արձանագրել է ռուսական մեդիան՝ թե´ ազատական, թե´ պուտինամետ, որոնք հավասարապես սիրում են ձեռ առնել Բելառուսի առաջնորդին՝ ցանկացած քաղաքական զիջում Լուկաշենկոն Ռուսաստանին արել է տնտեսական հսկայական օգուտների դիմաց։

 

Վերջին շաբաթներին Լուկաշենկոն հոգեբանական մի սահմանագիծ էլ անցավ։ Չդադարեցնելով սովորական տնտեսական վերջնագրերը (եթե Ռուսաստանը նավթի ու գազի մաքսատուրքերը չվերացնի, Բելառուսը չի միանա ՄՄ-ին կամ կմիանա 10 տարի հետո, երբ էդ պայմանները կապահովվեն), նա զուտ քաղաքական հայտարարություններ արեց, որոնք ցույց տվեցին, թե ո´ր ճամբարում է տեսնում իր երկիրը.

 

«Մենք ագրեսոր չենք, մենք չենք ուզում ոչ մեկի դեմ պատերազմել։ Բայց, եթե որևէ մեկը քիթը խոթի, մենք պետք է պատրաստ լինենք այդ ագրեսորին իր համար անընդունելի վնաս պատճառել»։ Եվ վճռականություն հայտնեց շարունակել ամրապնդել ու արդիականացնել բանակը, որպեսզի «եղբայր-ուկրաինացիների» օրը չընկնեն, որոնց զինված ուժերն անմարտունակ էին դարձել Յանուկովիչի հանցավոր քաղաքականության արդյունքում։

 

Բելառուսը Ռուսաստանի դաշնակիցն է բոլոր հնարավոր միություններում, բայց Լուկաշենկոն վտանգը սպասում է հենց Մոսկվայից։ Նա համարում է, որ 2015 թվականի նախագահական ընտրություններում, երբ Ուկրաինայում իրավիճակը հանդարտված լինի, Կրեմլը փորձելու է Բելառուսում ավելի զիջող մեկին դնել իշխանության գլուխ։ Նրա մտահոգությունները չափազանցված չեն թվա, եթե նկատի ունենանք շրջանառող ցինիկ մեկնաբանությունները, թե Պուտինը պետք է նախ Բելառուսը գրավեր՝ Ուկրաինան ավելի հեշտ ծնկի բերելու համար։

 

Ո՞րն է Լուկաշենկոյի ուղերձը մեզ։ Մեր բանակը համեմատաբար գործուն է, ուրեմն, խնդիրը թույլ օղակը գտնել ու փոխելն է։ Հատկապես Սեպտեմբերի 3-ից հետո էդ օղակը պետք էլ չէ երկար փնտրել. Սերժ Սարգսյանն ու իր հհկականները դարձել են Կրեմլի որոշումների դակիչը, ինչի համար Բելառուսն ու Ղազախստանը խոչընդոտում են Հայաստանի մուտքը նույնիսկ ՄՄ։

 

Վերջին հաշվով, իշխանափոխության ակնարկ է պարունակում նաև Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին ելույթը Արցախի խնդրի առթիվ։ Նա շահագրգիռ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի հանրությունները իմանան, թե ինչի շուրջ են բանակցում իրենց նախագահները, որպեսզի հստակ գնահատեն՝ նրանք պոռոտախոսնե՞ր են, խորամանկ դիվանագետնե՞ր, թե՞ սովորական խաբեբաներ։ Հայ և ազերի հանրություններն առայժմ Ուորլիքին են մեղադրում անարդար պահանջների համար՝ չտեսնելու տալով, որ Սարգսյանն ու Ալիևն են, որ վաղուց համաձայնել են հրապարակած սկզբունքներին։

 

Դա զարմանալի չէ, և պատճառները բազմաթիվ են՝ սկսած քաղաքական ու հանրային խնդիրների ձևակերպման մշակույթի պակասից, վերջացրած «ազգայնականներին» պարեցնող թելերով, որոնք շարժում են նախագահական աշխատակազմերից։

 

Դրական է մի բան. էականորեն սահմանափակվել է երկու պետությունների իշխանությունների ձեռնածությունների, ներքին ու արտաքին արմատապես տարբեր քարոզչություն վարելու հնարավորությունը, ինչի շնորհիվ հանրությունը կարող է ավելի հստակ պատկերացնել երկրին սպասվող մարտահրավերները, որոնք լրջանում են ուկրաինական ճգնաժամի ամեն օրվա հետ։

 

 

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ