Կարմիր խաչ (պաշտոնապես՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում), տարբեր երկրներում ՝ կամավոր ընկերություններ, որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին, վիրավոր և հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին։ Ադրբեջանում, Թուրքմենստանում,Ուզբեկստանում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Թուրքիայում և Պակիստանում կոչվում է «Կարմիր մահիկ», Իրանում՝ «Կարմիր առյուծի և արևի ընկերություն»։
1863-ին Շվեյցարիայում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմիտե»։ Հաջորդ տարուց սկսած կազմակերպվել են «Կարմիր խաչի» ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կարմիր խաչ», ստեղծվել նրա միջազգային կոմիտե։ 1965-ի կանոնադրությամբ միջազգային «Կարմիր խաչի» գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը։
Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը հիմնադրվել է 1921թ.։ Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել հայկական գաղութների հետ։ Հիմնել է տրոպիկական կայաններ, ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բուժակային ու բժշկական կետեր։ Կազմակերպել է բժշկական ջոկատներ և ուղարկել շրջանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, վեներական հիվանդությունների դեմ պայքարելու։ Բացել է հիվանդանողցներ, ծննդատներ, երկրաշարժի ժամանակ օգնել տուժածներին: