Վերջին շրջանում լրատվական դաշտը ողողվեց Սայաթ Նովա 10, 12 շենքերի տարածքում կառուցվող շինության վերաբերյալ տեղի բնակիչների բողոքներով: Այդ հասցեում գտնվող կաթսայատան տարածքում «ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ն քաղաքապետարանից շինություն կառուցելու թույլտվություն է ստացել և այս օրերին փորձում է 5 հարկանի բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: Բնակիչները բողոքում են' պատճառաբանելով, թե տեղում կառուցվող շենքն իրենց անհարմարություններ կպատճառի:

 

Այս առիթով Lurer.com-ի թղթակիցը զրուցեց «ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ի փաստաբան Աշոտ Աբրահամյանի հետ.

 

«ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ն այդ տեղամասում գնել է կաթսայատուն' իր հողատարածքով: Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով' ստացել է համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանք, պատվիրել է նախագիծ, փորձաքննությունից հետո ստացել է շինթույլտվություն և որոշել է իրականացնել կառուցապատման աշխատանքներ: Ամբողջ իրավական բազան' ՀՀ օրենքներին համապատասխան, գոյություն ունի»,- ասաց փաստաբանը:

 

Նրա խոսքով' բողոքի ակցիաները սկսվել են այն ժամանակ, երբ «ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ն' որպես օրինավոր կառուցապատող, նախաձեռնել է իրականացնել համապատասխան աշխատանքները: Կառուցապատողի աշխատանքներին դեմ արտահայտող բնակիչների պատճառաբանությունները դուրս են իրավական հարթությունից, և ապօրինության մասին խոսք լինել չի կարող:

 

«ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանից որևէ գույք չի ձեռք բերել: Ընկերությունը մասնավոր անձից ձեռք է բերել հողամաս' կաթսայատնով: Դա եղել է հին կաթսայատուն, որը չի գործել, չի գործում և գտնվում է անմխիթար վիճակում»,-գտնում է փաստաբանը և հավելում, որ նախագիծը փորձաքննությունն անցել է մասնագիտացված, լիցենզավորված կազմակերպության միջոցով, որը դրական եզրակացություն է տվել:

 

«Այն անձինք, ովքեր աղմուկ են բարձրացնում այս հարցի շուրջ, առաջին հերթին թող իրենք օրինապաշտ լինեն, օրինակ' նրանք, որ կառուցել են անօրինական հենապատ, որը զուգորդվել է, իմ կարծիքով, հողազավթմամբ' նեղացնելով առկա ճանապարհը: Թե հիմա այստեղ ինչ շահեր կան, և ինչու են այդ մարդիկ դեմ, մեզ համար անհասկանալի է:

 

Բացի այդ, կա մի խնդիր ևս. եթե կառուցապատողը շինթույլտվություն ստացել և ժամկետներում չի իրականցնում նախագծով նախատեսված շինության կառուցում, ընկնում է վարչական խոշոր տուգանքների տակ' սկզբում կառուցվող շինության նախահաշվի 1 %-ի չափով, իսկ հետո, եթե չի իրականացվում շինարարությունը, շինությունը հանվում է վաճառքի:

 

Մենք խնդրել ենք այդ մարդկանց խոչընդոտներ չստեղծել, որովհետև մենք այդ վնասների հատուցումը ստիպված կլինենք պահանջել իրենցից: Եթե որևէ մեկը խոչընդոտում է օրինական կառուցապատման աշխատանքները, դա նշանակում է' պետք է դատական կարգով փոխհատուցի խոշոր վնասները»,- ասաց Աշոտ Աբրահամյանը:

 

Բողոքի մասնակիցների մեծ մասը համարում էին, որ շինությունը կխանգարի տեղակայված ավտոտնակներին: Աշոտ Աբրահամյանին հարց ուղղեցինք. «Բնակիչների ավտոտնակները տեղափոխելու խնդիր կառաջանա՞»:

 

Պատասխանեց.

 

- Խոսքը գնում է առկա ստորգետնյա ավտոտնակների մասին: Դրանք ինչպես կան, այդպես մնալու են: Բացի այդ' ստորգետնյա ավտոտնակի վերևում, պետք է խաղահրապարակ լիներ, բայց բնակիչները դա օգտագործում են որպես ավտոտոկայանատեղի, այսինքն' բնակիչները հրաժարվել են այդ տարածքից, երբ խոսում են խաղահրապարակի բացակայության մասին: Բայց ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է բնակիչների համար խաղահրապարակ կառուցել, բայց ոչ կաթսայատան տեղը (այն չի կարող խաղահրապարակ դառնալ): Ավտոկայանատեղերի համար, ըստ էության, իրականցվելիք շինարարությունը որևէ խոչընդոտ չի ստեղծում»,-ասում է նա և վերջում հավելում,-«ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ն' որպես օրինապաշտ կազմակերպություն, ուզում է հարցերը լուծել միայն օրենքի սահմաններում: Որևէ դատական հայց չկա «ԼԱՐԿՈ գրուպ» ՍՊԸ-ի դեմ այդ բնակիչների կողմից: Եթե իրենք հայտարարում են, թե ընկերությունն ապօրինություն է անում, խախտվել են իրենց իրավունքները, կարող են դատական կարգով վիճարկել շինթույլտվությունը:

 

Lurer.com-ի թղթակիցը նաև հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան' ճշտելու' արդոք այս ընկերությունը ստացել է շինթույլտվություն, ունի ողջ իրավական բազան: Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից մեզ տեղեկացրին' Սայաթ-Նովա 10/5 հասցեում նախատեսվող շինության կառուցման համար առկա է Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված հ. 01/18-05/2-40225-640 նախագիծը և կառուցապատող «Լարկո գրուպ» ՍՊԸ-ին տրված' հ. 01/18-40225-683 շինարարության թույլտվությունը:

 

Միաժամանակ տեղեկացնում են, որ վերը նշված նախագիծն անցել է կրկնակի փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն:

 

Ն. Ա.

 

Լուսանկարում վերակառուցման ենթակա տարածքն է.