Երևանի Մաշտոցի վարչական շրջանի զինկոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման և ախորոշման բաժանմունքի պետ Արտաշես Արշակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1 և 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով խարդախություն:

 

Ըստ մեղադրական եզրակացության` նա նախնական համաձայնության է եկել նույն բաժանմունքի տեսուչ Գայանե Հայրապետյանի հետ ու նրա միջոցով, այդ զինկոմիսարիատում արդեն իսկ հաշվառված, Էջմիածին քաղաքում վարձակալությամբ բնակվող Հայկ Կիրակոսյանից, իբրև թե վերջինիս հաշվառելու, հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք և հետագայում զինվորական գրքույկ հատկացնելու գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու պատրվակով` պահանջել և 2013 թվականի հունիսի 5-ին ստացել է 416.020 ՀՀ դրամին համարժեք 1.000 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարը նույն օրը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից անցկացրած կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում հայտնաբերվել է Գայանե Հայրապետյանի աշխատասենյակից:

 

Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալներ Արտաշես Արշակյանը և Գայանե Հայրապետյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնել, որ առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:

 

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ.Աբրահամյանի նախագահությամբ, 2013 թվականի հոկտեմբերի 14-ի դատավճռով` Արտաշես Արշակյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1, 5-րդ կետերով և դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով: Պատժի կրումից ամբաստանյալն ազատվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին «ՀՀ Ազգային Ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման» կիրառմամբ, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:

 

Գայանե Հայրապետյանը նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1, 5-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի 6 ամիս ժամկետով: Ամբաստանյալ Հայրապետյանը նույնպես հիշյալ համաներման մասին որոշման կիրառմամբ ազատվել է պատժի կրումից ու անհապաղ ազատ արձակվել դատական նիստերի դահլիճից:

 

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները նախկինում դատապարտված չեն եղել, զղջացել են կատարած արարքի համար, դրական են բնութագրվում:

 

 

 

 

 

«Փաստինֆո»