Այսօրվա նիստում Կառավարությունը որոշեց գրեթե կիսով չափ նվազեցնել նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գները: 

 

Հիշեցնենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ները ունեն չջնջվող հիշող սարք, որը թույլ չի տալիս, օրինակ, օրվա վերջում փոխել իրականացված առեւտրի ծավալների վերաբերյալ տեղեկությունները: Դրանք մալուխային կապուղու միջոցով միացվում են համապատասխան հարկային մարմնին, որպեսզի այն կարողանա հընթացս ֆիքսել իրականացված առեւտրի ծավալները:

 

Դրանց ներդրումը սկսվել է անցած հուլիսի 1-ից և պետք է ավարտվի մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:

 

Ըստ Կառավարության այսօրվա որոշման' 2012 թվականի արդյունքներով 58.35 միլիոնից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ն կարժենա առավելագույնը 280 հազար դրամ, իսկ 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար' առավելագույնը 150 հազար դրամ:

 

Հարկ է նկատել, որ նախապես սահմանված գնից' 369 հազար 600 դրամ, այսօր ընդունված որոշմամբ ՀԴՄ-ների գինը նվազեցվում է մոտ 50 տոկոսով: