Այսօր' ժամը 12.10-ի շրջանում, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ է ներխուժել 50 տարեկանի մոտ անձնավորություն և երկու դաշույնով սկսել սպառնալիքներ տեղալ Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել է փախուստի:

 

Կոնգրեսի ներկայացուցիչներն անհապաղ տեղեկացրել են Ոստիկանությանը: Ոստիկանները ժամանել են գրասենյակ և համապատասխան վկայություններ վերցրել միջադեպին ներկա անձանցից: Միաժամանակ ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այն տարածքը, որտեղով փախուստի է դիմել անհայտ անձը տեսագրվում է մի քանի տեսախցիկներով և վստահեցրել, որ դրանք բոլորը գտնվում են սարքին վիճակում:

 

Այս պարագայում Ոստիկանության համար դժվարություն չպետք է ներկայացնի ինչպես գրասենյակ ներխուժած անձի ինքնությունը պարզելը, այնպես էլ նրան հայտնաբերելը: Հայ Ազգային Կոնգրեսը իր գնահատակը տեղի ունեցածի վերաբերյալ կտա, երբ կհայտնաբերվի նշված անձն, ու կպարզվեն նրա արարքի դրդապատճառները: Իսկ տեսագրությունների առկայության պարագայում նրա չհայտնաբերման դեպքում միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա: