Եթե մենք ուզում ենք անվտանգ երթեւեկություն, որակյալ սպասարկում, ապա այս սակագնով հնարավոր չէ այն իրականացնել: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պատասխանել մի քանի հարցերի:

 

Պարոն Մարգարյան, տրանսպորտի թանկացման հարցը կրկին շրջանառության մեջ է դրվել, արդյոք թանկացումներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ:

 

Հանձնաժողովը քննարկումներ է անցկացնում: Քննարկումից հետո կհայտարարվի վերջնական արդյունքի մասին:

 

Խոսակցություններ կան, որ թանկացումները նախատեսվում են հունվարին, որ բնակիչները չկարողանան բողոքի դուրս գալ:

 

Հանձնաժողովը բաց է աշխատում: Հետեւեք նրանց աշխատանքներին եւ կտեսնեք, թե երբ կլինի: Հանձնաժողովում նման քննարկում չի եղել, թե երբ են թանկանալու, այլ փուլ առ փուլ քննարկում է, թե ինչ սակագնի վրա է կանգնելու: Թող քննարկեն ավարտեն, պարզ կդառնա: Ես չեմ ցանկանում աշխատանքներին հիմա գնահատական տալ: Երբ հանձնաժողովը իր վերջնական արդյունքը կներկայացնի, այդ ժամանակ ես իմ գնահատականը կտամ:

 

Ներկայիս 100 դրամով հնարավո՞ր չէ կազմակերպել փոխադրումը:

 

Ես բազմիցս եմ ասել եւ իմ կարծիքը չեմ փոխում: Առաջին հերթին ես կուզենայի, որ տրանսպորտը անվճար լինի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ անհնար է անվճար սպասարկում իրականացնել: Իսկ ինձ համար առաջնահերթը երեւանցու անվտանգ եւ որակյալ երթեւեկությունն է եւ, որ սպասարկումը կարողանանք ապահովել: Իսկ ներկա պահին հանձնաժողովը քննարկում է, թե ինչ սակագնով կկարողանանք առաջնահերթ անվտանգ երթեւեկությունը ապահովել եւ որակյալ սպասարկում իրականացնել:

 

Այսինքն' թանկացումը անխուսափելի՞ է:

 

Եթե մենք ուզում ենք անվտանգ երթեւեկություն, որակյալ սպասարկում, այո, այս սակագնով հնարավոր չէ այն իրականցնել: Իսկ, եթե չենք ուզում, ուրեմն այս սակագնով հնարավոր է այս իրավիճակը այսպես պահել:

 

Այդ դեպքում չեք վախենո՞ւմ քաղաքացիական ընդվզումից:

 

Այստեղ վախենալ-չվախենալու խնդիրը չէ: Ավելի շատ պետք է մտածենք, ոչ միայն այսօրվա, այլեւ վաղվա եւ առաջիկա տարիների մասին: Եթե այսօր տրանսպորտի խնդրին լուծում չտանք, հաջորդ տարիներին ընդհանրապես Երեւան քաղաքում տրանսպորտ չենք ունենա: Իսկ չենք մտածում, եթե երկու տարի հետո Երեւանում տրանսպորտ չլինի, ի՞նչ ենք անելու: Թող հիշեն՝ 90-ական թվականների սկզբին մայրաքաղաքում տրանսպորտի լուրջ խնդիր կար եւ ես երբեք չեմ ցանկանա, որ մենք այդ վիճակին հասնենք: Դրա համար այսօր, քանի որ քաղաքային իշխանության, այդ թվում տրանսպորտի պատասխանատուն մենք ենք, պետք է մտածենք , վաղվա եւ առաջիկա տարիների մասին: Իսկ այսօր անվտանգ երթեւեկություն չի իրականացվում, եւ բոլորս ենք տեսնում մեր տրանսպորտի վիճակը: Հալաբյան փողոցի խոշոր վթարը՝ պարզ եւ ցավալի օրինակ: Առաջիկայում տրանսպորտի մաշվածության պատճառով վթարների վիճակագությունը եւս կներկայացվի:

 

Իսկ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ստացե՞լ եք այս հարցի շուրջ:

 

Դա քաղաքային իշխանության լուծելու խնդիրն է , որի համար հանձնաժողով ենք ստեղծել եւ ինքնուրույն կատարում ենք մեր աշխատանքները: