ՀՀ գլխավոր դատախազության համակարգում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ:

 

«Փաստինֆո» գործակալությանը հայտի է դարձել, որ լուծարվել են քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման եւ անձնակազմի բաժինները եւ տեղափոխվել դատախազության աշխատակազմ: Այսուհետ, քաղաքացիների գանգատներով եւ կադրերի նշանակմամբ կզբաղվի աշխատակազմը: Հիշեցնենք, որ օրերս փոխվել էր նաեւ դատախազության աշխատակազմի ղեկավարը. Այդ պաշտոնում նշանակվել է Համլետ Գրիգորյանը, ով նախկինում աշխատել է արդարադատության նախարարությունում: Իսկ աշխատակազմի նախկին ղեկավարը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

Լրատվամիջոցի  ունեցած տեղեկություններով` պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը եւս լուծարվել է, որի փոխարեն ձեւավորվել է բաժին, որը կշարունակի իրականացնել Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված այս գործառույթը: Իսկ մի քանի այլ մասնագիտական վարչությունների փոխարեն ձեւավորվել են նոր վարչություններ` վերականգնելով ավելի քան 10 տարի առաջ գոյություն ունեցող տարանջատումը:

 

Մասնավորապես` ձեւավորվել են հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, դատարանում մեղադրանքը պաշտպանող վարչություններ, եւս մեկ այլ նորաստեղծ վարչություն հսկողություն կիրականացնի` հատկապես կարևոր գործերով քննություն իրականցնող քննիչների նկատմամբ:

 

Պահպանվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժինը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունը կշարունակեն գործել: