Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն աշխատանքային օրվա ավարտից հինգ րոպե առաջ հրապարակեց ՊՆ «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանի եւ նրա որդու'բժշկական համալսարանի ուսանող Հակոբ Աբաջյանի դատավճռի եզրափակիչ մասը:Վաղարշակ Աբաջյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, որդին' տասնվեց տարվա ազատազրկման:

 

Դատավորը դեռ չէր ավարտել հրապարակումը, երբ Վ.Աբաջյանը սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տալ մեղադրանքը պաշտպանած դատախազին' Ա.Հակոբյանին: Նա հեռացվեց նիստերի դահլիճից, իսկ այդ ընթացքում ուշագնաց եղավ նրա կինը: Աբաջյանները մեղադրվում են ամուսիններ, «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին, նրա ամուսնուն' Յուրի Սրապյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, խարդախության համար:

 

Վաղարշակ Աբաջյանը համակարգչային շարվածքով, երեսունվեց էջանոց պաշտպանական ճառով հանդես եկավ, ասելով, որ իրականում տուժողն ինքն է, որ Ալվարդն իր անունից գումարներ է վերցրել տարբեր անձանցից, էժան գներով բնակարաններ գնելու համար:

Նա ասաց, որ Յուրայի հրելու, անզգույշ մահ պատճառելու, հետո դիակը թաքցնելու դրվագն ընդունում է, բայց Ալվարդի սպանությունն իրենք չեն արել, եւ որդին ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել ոստիկանների խոշտանգումների արդյունքում: Ի դեպ, խոշտանգումների գործով իրենց դիմումը մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Հանգուցյալ Ա.Աբրահամյանի մարմնում փորձագետները հայտնաբերել են սեռական բռնարարքն ապացուցող հետքեր:

Ստուգվել են հայր եւ որդին, նրանց արյան մեջ այլ հետքեր առկա չեն եղել: Ըստ ամբաստանյալի, նախաքննության մարմինը չի պատասխանել.հետմահո՞ւ են բռնաբարել Ա.Աբրահամյանին, թե՞ սպանությունը կատարվել է այլ շարժառիթներով: Ամբաստանյալն ասաց, որ իրենք մինչեւ Եվրոպա դիմելու են'խոշտանգումներով հարուցված քրեական այս գործի համար: Ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Ռշտունին ասաց, որ ի վիճակի չէ հանդես գալ պաշտպանական ճառով' նկատի ունենալով այն, որ դատական նիստի ավարտին կես ժամ էր մնացել, եւ նաեւ այն, որ ինքը դատարան է ներկայացել հիվանդ:

Դատարանը արձանագրեց, որ սեպտեմբերի չորսից պաշտպանին տրվել է այդ հնարավորությունը, եւ նա չի օգտվել իր այդ իրավունքից: Պաշտպանական ճառով հանդես եկավ Հակոբ Աբաջյանը: Նա խնդրեց, որ արժանահավատ համարվի դատարանում տրված իր ցուցմունքները: