Շանթ Հարությունյանի 14-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին ազատել են այսօր, նոյեմբերի 6-ին, ժամը 7։00-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Շահեն Հարությունյանը։

 

Նա պատմել է, որ ոստիկանները խուզարկել են իրենց բնակարանը, բայց ոչինչ չեն հայտնաբերել։ Շանթ Հարությունյանի ընտանիքը տեղեկություն չունի նրա մասին, նա առայժմ փաստաբան չունի։

 

14-ամյա Շահեն Հարությունյանը նաև ասել է, թե ինչ է կատարվել նախօրեին Կենտրոնի ոստիկանությունում։

 

«Բոլորիս տարան «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ։ 72 ժամ մնալու են էնտեղ, հետո գնալու են բերդ։ Բոլորին ձերբակալեցին, ընդ որում, առաջինը՝ ինձ։ Շատ լարված մթնոլորտ է ր մինչեւ ուշ գիշեր։ Շատ լարված ու ագրեսիվ էին։ Բոլորիս առանձին քննիչներ էին տվել։ Մինչեւ ժամը 3-4-ը քննարկում էին՝ ինչ պիտի լինի մեր ճակատագիրը։ Բոլորիս հարցաքննեցին, բռնություն չեղավ։ Ոչ մեկս մյուսից տեղյակ չէինք, ինֆորմացիա չէին տալիս։ Ստիպեցի, որ ինձ տանեն պապայիս մոտ։ Ես պապայիս տեսել եմ մեկ րոպեով, ինձ թվում է՝ լավ էր, պահվածքից զգացի։ Հոգնած էր, բայց դա բնական է»:

 

Նա նշել է, որ առայժմ չի հաջողվել կապ հաստատել հոր հետ։ Որոշ ժամանակ անց պարզ կլինի փաստաբանի հարցը։

 

Ըստ Շահեն Հարությունյանի` այսօր հավաքվելու են Ազատության հրապարակում՝ ճշտելու իրենց հետագա անելիքները։