Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը' 1999 թ. ծնված Շ. Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք:

 

Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ:

 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

 

Կատարվում է հետաքննություն

 

Նշենք, որ չի բացառվում, որ խոսքը վերավերում է Շանթ Հարությունյանի որդու արարքին, ով նման բովանդակությամբ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում.

 

«Այսօր օրս սկսվեց լավ, ամեն ինչ նորմալ էր ընթանում: Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը, արժանացա գովեստի'ուսուցիչների կողմից: Շատ ուրախ էի, որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասացին ինձ: Ինձ թվում էր, որ իմ ամենաերջանիկ օրերից է: Բայց դասերի վերջում դպրոցի մայոր Գրիգորյանի կողմից, ռազմագիտության առարկայի ժամանակ ենթարկվեցի ծեծի:

 

Պատմեմ, թե ինչպես է պատմությունը սկսվել: Երկու շաբաթ առաջ, դասի ժամանակ,մայորը սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել ինձ:

 

Ես պատասխանեցի շատ քաղաքակիրթ ձևով: Իսկ հետո խոսակցությունը հասավ Հայաստանի անկախությանը: Նա փորձում էր համոզել մեզ, որ մենք երբեք անկախ չենք եղել, չենք, ու չենք լինի, և լավ է, որ այդպես է, քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ, որ մեր ֆիդայիները, որ զոհվել են, ապարդյուն է եղել, որ ռուսը մեր «պապան» է, մենք ստրուկ ենք, առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող:

 

Ես իր ասածը առարկեցի: Նա ասաց, որ հոգեկան խանգարումներ ունեմ, քանի որ կարծում եմ Հայաստանը պետք է անկախ լինի, և Ռուսաստանի լծի տակ չլինելով Հայաստանն ավելի լավ կլինի: Նա ինձ ասաց՝ դու հիվանդ ես, ես քո հետ խոսելու բան չունեմ, իսկ ես ասացի ավելի լավ է հիվանդ լինեմ, քան ձեր նման ստրուկ: Ասացի ու հեռացա:

 

Հաջորդ դասին'այսօր, հիմնը երգելու ժամանակ, բոլոր աշակերտները ծիծաղում էին, այդ թվում և ես: Ես էլ ունեմ զգացմունքներ, և ստացվեց, որ չկարողացա տիրապետել և սկսեցի ծիծաղել: Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ, ասելով, որ ես ոչխար եմ, անարժան եմ և սրիկա, սպառնաց, որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար, բայց ես չպատասխանեցի, մտածելով, որ սխալ եմ, չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել:

 

Անցավ: Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Ես խնդրեցի չվիրավորել: Ասաց՝ հիմա տանեմ սենյակում քեզ ծեծեմ, թե գնանք տնօրենի մոտ: Ասացի չէք կարա ծեծեք ինձ, ասաց գնում ենք տնօրենի մոտ: Ու գնացինք: Տնօրենը ժողովի էր, պետք է դասի վերջում գնայինք: Վերադարձանք դասարան: Կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Խնդրեցի, այնուհետև պահանջեցի, որ չվիրավորի: Երդվեցի, եթե արժանապատվությանս մեկ անգամ էլ կպնի, ես կխփեմ իրեն: Ու ինքն այդ իմանալով հանդերձ վիրավորեց ինձ:

 

Մոտեցա, որ խփեմ, հասկացա, որ չի կարելի խփել, փոխարենը ասացի, որ էշի պես չի լսում ինձ: Մոտեցավ, ուժեղ հարված հասցրեց դոշիս: Ես ոտքով հարվածեցի նրան: Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի՝ սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Բոլոր աշակերտները շոկի մեջ էին: Իսկ հետո ասացին ինձ, որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ, ասելով, որ ես հակահայկական ոգի եմ սերմանում: Վերադարձա տուն:

 

 

Հ.Գ. Այս գրառումը վաղն առավոտյան հանձնելու եմ տնօրենին»: