Նոյեմբերի 2-ին կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ:

 

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը' հավելելով, որ տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն: Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ զինծառայողներից մեկն իմացել է, որ մայրը գտնվում է սրտաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում եւ խնդրել է թույլ տալ այցելել մորը, սակայն դուրս գալ չեն թույլատրել' նախքան նախարարի համապատասխան հրամանը։ Արդյունքում' զինծառայողն ընկել է դեպրեսիայի մեջ։

 

Ինչ վերաբերում է մյուս զինծառայողին,ապա նա խնդիրներ է ունեցել սիրած աղջկա հետ,ինչի պատճառով էլ վնասել է ինքն իրեն: Տեղի է ունեցել վիճաբանություն ծեծկռտուք, մարմնական վնասվածքներ է ստացել նաև Մարգարիտա Խաչատրյանը, ով,տեղեկանալով միջադեպի մասին,շտապել էր այնտեղ: Խաչատրյանը հերքեց այն խոսակցությունները, թե սպաներն են ծեծի ենթարկել զինծառայողներին:

 

Հարցին, թե որ հոդվածով է քրեական գործ հարուցվել, Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ քանի դեռ չի հանդիպել այդ երկու զինծառայողներին և չի ճշտել, թե ինչու են նրանք հայտնվել դեպրեսայի մեջ, հայտարարություն անելու իրավունք չունի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին' երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալից երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել էին նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև՝ դիմել փախուստի, որից հետո ևս երկու զինծառայող դիմել էին փախուստի: Զինծառայողները եղել են հոգեբուժական բաժանմունքից և ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չորս զինծառայողներն էլ ետ են վերադարձվել:

 

«Փաստինֆո»