Ափսոսանքով արձանագրենք, որ հասարակությանը հայտնի անհատներից արդեն երկուսը հրապարակավ մերժում են մեր նույնպես հրապարակային հրավերը և ցավոք այդ մերժման հիմքում դրվում են այնպիսի հիմնավորումներ որոնք որևէ աղերս չունեն հանրությանը հուզող այն խնդրի հետ, որի լուծմանը միտված գործընթացն այս պահին գտնվում է ուղևորափոխադրումների ծախսերի կոնկրետ հաշվարկների և մասնագիտական հիմնավորումների ներկայացման ու քննարկման գործնական փուլում, որն իրականացնում է Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի կիրառման մեխանիզմների քննարկման համար ստեղծված հանձնաժողովը։
Իհարկե ցանկալի է, որ ինչպես հրապարակային հրավեր ստացողները, այնպես էլ խնդրի մասին պարբերաբար արտահայտվող այլ շահագրգիռ անձիք իրենց մարդկային և կամ մասնագիտական լուման բերեն բնակչությանը հուզող խնդրի արդար և փոխզիջումային լուծմանը, սակայն հերթական անգամ մենք ականատես ենք դառնում երևույթի, երբ ամեն ինչ հրապարակային խոսքի և ներկայացվող գեղեցիկ ցանկությունների առումով գնում է հարթ մինչև այդ ամենը թողնելու և կոնկրետ գործի անցնելու գործնական առաջարկ ստանալու պահը։
Ցավում ենք, բայց Պետրոս Ղազարյանի կողմից հրապարակային հրավերի մերժումն ու այն հարևան հանրապետության ավտոպահեստամասերի շուկայից մինչև Մաքսային միության բազմաճյուղ և ընգրկուն թեմատիկայի գործոններով համեմելը, ուղղակի հնարավորություն չի ընձեռում մեզ գտնել գործնական համագործակցության եզրեր մեկ կարևոր հարցի շուրջ, ինչպիսին է մայրաքաղաքի ուղևորափոխադրումների ոլորտի կենսունակության և հետագա զարգացման բարդ, սակայն լուծում պահանջող հիմնախնդրի փուլային լուծման առաջին քայլի համատեղ ուժերով իրականացումը։
Հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող անհատներին հորդորելով դրսևորել արժանավայել կեցվածք, առաջարկում ենք ձեռնպահ մնալ իր առօրյա հոգսերով և խնդիրներով ապրող երևանցուն ավելորդ հաճոյանալուց կամ ակամա ասված ոչ տեղին ձևակերպումներով ցավ պատճառելուց ու դրանով նաև ավելորդ լարվածություն ստեղծելուց: Մեկ անգամ ևս հայտարարում ենք. հարգելիներս, մեր բնակչին հուզող հարցերն ու խնդիրները Երևանի քաղաքապետարանի իրավասությունների և պարտականությունների շրջանակում մշտապես են մեր ուշադրության կենտրոնում, հետևաբար այլ գործառույթներ մեզ վերագրելու փորձերն ուղղակի ազնիվ չեն։
Վահե Նիկոյան
Երևանի քաղաքապետի տեղակալ