Երեկ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վիրավորել է ilur.am-ի լրագրողին, ով մոտեցել է Նավասարդյանին հարց տալու համար։
Լուրեր.com-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Երևանի քաղաքապետարանից։ Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց. «Տվյալ լրագրողը նշում է, որ հայհոյել է իրեն։ Դուք հայհոյանք լսե՞լ եք։ Նա ասել է. «Ես քու նեռվերը չունեմ»։ «Քո նեռվերը չունեմը» հայհոյա՞նք է»։
Արթուր Գևորգյանի խոսքերով՝ ինքը խոսել է Հենրիկ Նավասարդյանի հետ։ Նա հստակորեն հայտարարեց, որ այդ ամենի նախապատմությունը որևէ մեկը չի ներկայացնում։ «100 մետր մարդը քայլել է՝ իր հեռախոսով խոսելով, և հետևից ակտիվիստները ռեպլիկներ են թողել, և հետո իր առաջ է դուրս եկել լրագրողը (եթե, իհարկե, լրագրող է եղել), ով փորձել է չգիտեմ ինչ հարցեր տալ, և մարդը, փաստորեն, այնքան հավասարակշիռ ձևերով իրան պահելով' շուռ է եկել և ասել է' գնա քո նեռվերը չունեմ», - ասաց Արթուր Գևորգյանը։