Mediamall.am-ի տեղեկություններով Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին ևս գծատեր է:

Վերջինս նաև զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա փակցվող հասարակական գովազդների բիզնեսով:

Պարզվում է՝ երթուղայինների, ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա ամրացված գովազդների բիզնեսն էլ է պատկանում Հենրիկ Նավասարդյանի որդուն:

Նշենք, որ այս մասին գրել է նաև «Հետք»-ը: Կայքը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է' Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին' Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը' Արտակ Նավասարդյանը:

Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է:

Նավասարդյանների ընտանիքը ամբողջությամբ ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:

Բանն այն է, որ նրա միջնեկ որդին' Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին: